Մայիսի 18-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 18-ին վրաստանյան մամուլը առավելապես խոսեց Թբիլիսիի Գլդանի թաղամասի բանտում մի քանի տասնյակ անժամկետ կալանավորված բանտարկյալների կողմից հայտարարած հացադուլի մասին:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ հացադուլ է հայտարարել 42 բանտարկյալ, ովքեր պահանջում են փոփոխել 2012 թվականին, Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված` «Համաներման մասին օրենքում» առկա թերությունները: Գլդանիի 8-րդ հաստատությունում 58   անժամկետ կալանավորված կա:

Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի գլխավոր տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին ազատվել է պաշտոնից: Ինչպես «Interpressnews»-ին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից,  պատճառը կապված է Վրաստանի Կախեթիի շրջանում հակակարկտային կայանների հետ:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, պաշտպանության նախարարության գլխավոր տեսչությանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրել Կախեթիի շրջանի հակակարկտային կայանների աշխատանքները: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կախեթում՝ կարկուտը մեծ վնասներ էր հասցրել շրջանին: Շրջանի բնակիչները Վրաստանի իշխանություններին մեղադրում են անգործության մեջ և հայտարարել են, որ «Դելտա» կենտրոնը ժամանակին չի կիրառել հակակարկտային կայանները:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը, սույն թվականի մարտի 20-ին Թբիլիսիի Սբ. Երրորդութուն մայր տաճարում տեղի ունեցած հրդեհի պատճառով վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար պահուստային ֆոնդից տրամադրել է 3.737.400 լարի: Մինչ այս, Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Վրաստանի քաղաքային ղեկավարությունը աջակցություն կտրամադրի հրդեհի հետևանքները վերացնելու համար: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Իմերեթիի շրջան այցի շրջանակներում այցելել է Ծկղալտուբոյում գտնվող` միջազգային չափանիշներին համապատասխանող առողջարանային վերականգնողական կենտրոն: Մարգվելաշվին Իմերեթիի մարզպետ Գիվի Ճիճինաձեյի և Ծկղալտուբոյի գամգեբելի Կոնստանտին Մամիսիեշվիլիի հետ միասին շրջել են Ծկղալտուբոյի կենտրոնական զբոսայգում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին՝ տեղեկացնում է «news.ge»-ին:

Կրկին «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով գտվում է Ուկրաինայի Տերնոպոլ մարզում: Վրացական պատվիրակությունը մայիսի 19-20-ը, Ուկրաինայում մասնակցելու է «Տերնոպոլ ինվեսթ 2016» միջազգային ներդրումային համաժողովին: Աջարիայի պատվիրակության անդամները հանդիպել են Տերնոպոլի մարզպետ Ստեփան Բարասանին: Հանդիպման ընթացքում Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության տնտեսական խորհրդի քարտուղար Լևան Ջաշմայան ներկայացրել է շրջանի ներդրումային կարողությունները:

«Kvira.ge» պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանում, հուլիսի 17-ից, կգործեն եվրոպական չափանիշներին համապատասխան երկհարկանի գնացքներ: «Վրացական երկաթուղի» ընկերութան գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի խոսքերով` երկհարկանի գնացքները կշահագործվեն Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ: «Մեր ուղևորների համար ամառային անակնկալ ենք պատրաստել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը: Գնացքներն ամենայն հավանականությամբ Վրաստանում կլինեն արդեն հուլիսի 17-ին: Այս ամառ գնացքները կշահագործվեն Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ»,— հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Թողնել պատասխան