Տաքսիների պարտադիր գրանցումը կմեկնարկի աշնանը

Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն հայտարարել է, որ տաքսիների պարտադիր գրանցման համար վարորդներին որոշակի ժամանակ կտրվի:

Նրա խոսքով, գրանցման ընթացակարգը վճարովի է լինելու, բայց ոչ թանկ։ Բիթաձեն նշել է, որ, հավանաբար, տաքսիստների գրանցման գործընթացը կսկսվի աշնանը:

«Բարեփոխումների առաջին փուլը ենթադրում է գրանցման համար թույլտվության փաստաթղթերի ձեռքբերումը, որը դյուրին կարգ է: Վրաստանի խորհրդարանը կքննարկի և կընդունի համապատասխան օրենքը, ինչի հիման վրա ավագանին կհրապարակի համապատասխան ակտը։ Այդ ամենից հետո քաղաքապետարանը կհայտարարի գործընթացի սկիզբը»,-ասել է նա։

Փոխքաղաքապետը նաեւ նշել է, որ տաքսին չգրանցած վարորդները կտուգանվեն:

Հիշեցնենք՝ տաքսիների պարտադիր գրանցման մասին օրեր առաջ հայտարարեց Թբիլիսիի  քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով, որ Թբիլիսիի բնակիչներն ու հյուրերն արժանի են որակյալ, ապահով և հարմարավետ ծառայության:

Լուսանկարը՝   kvirispalitra.ge կայքից

Թողնել պատասխան