Ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանում

Մինչ աշխարհի շատ երկրներում սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր, իսկ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների մեծ մասում դպրոցականներն ամառային արձակուրդներից հետո վերադառնում են դպրոց, ուսանողները՝ բուհ, Վրաստանում շարունակում են հանգստանալ:

Դեռեւս 2010 թվականին Վրաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Դմիտրի Շաշկինի նախաձեռնությամբ, ուսումնական տարվա առաջին օրը սահմանվեց սեպտեմբերի 15-ը: Իր այս որոշումը Շաշկինը բացատրել էր հետեւյալ կերպ․

«Դպրոցների ուսուցիչների եւ ծնողների հետ ունեցած խորհրդակցություններից հետո, որոշեցինք ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 15-ին, քանի որ այն ամենաբեղմնավոր շրջանն է սովորելու համար»։

Այսպիսով, թվում է, թե աշակերտների արձակուրդն ավելի երկար է տեւում,  սակայն Վրաստանում ուսումնական տարին ավարտվում է հունիսի 15-ին:

2017-ի նոր ուսումնական տարվան որոշ դպրոցներ պատրաստվում են նորացված շենքերով եւ ենթակառուցվածքներով:

Կրթության եւ գիտության նախարարության հետ ուսումնական հաստատությունների նորոգման աշխատանքները ֆինանսավորվել են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով: Որոշ դպրոցներում նորոգման աշխատանքները դեռեւս շարունակվում են, ինչի պատճառով այդ դպրոցների աշակերտները ստիպված ժամանակավորապես կուսանեն այլ շենքերում:

Հատկանշական է, որ երկրի մասշտաբով անցկացված մոնիտորինգից հետո մարդու իրավունքների պաշտպանն իր դժգոհությունն է հայտնել նորոգման աշխատանքների տեմպից: Օմբուդսմենը նաև նախարարությանը հիշեցրել է այն վթարային շենքերի մասին որտեղ դեռևս չեն մեկնարկել նորոգման աշխատանքները:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա դրանց աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

Թողնել պատասխան