Սանդրա Ռուլոֆս. հետագա պայքարը վիրավորական եմ համարում

Զուգդիդիի ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Սանդրա Ռուլոֆսը, ով ինչպես արդեն տեղեկացրել ենք, կրկնակի ընտրությունների արդյունքներով պետք է պայքարը շարունակեր 2-րդ փուլում, անակնկալ իր կուսակիցների համար, այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ընտրական պայքարը:

Վրաստանի նախկին 1-ին տիկինն արդեն մեկնաբանել է իր որոշումը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին` մեծ վստահության և հաղթանակի համար, որն ափսոս գողացան ոչ միայն հոկտեմբերի 8-ին, այլ նաև երեկ: Բոլորը գիտեն, որ ես հաղթել եմ 1-ին փուլում, այդ պատճառով էլ վիրավորական եմ համարում այս բոլոր անարդար և այսպես կոչված ժողովրդավարական ֆոնի վրա 2-րդ փուլ անցնելը: Իմ հաղթանակը Իվանիշվիլիի`ոչ ֆորմալ կառավարչի անձնական պարտությունն էր, ով մի քանի օր առաջ ասել էր՝ այդ տիկինը չի հաղթի Զուգդիդիում: Սա ընդունեցին որպես հրաման և հրամանը պետք է կատարվեր: Ամբողջ Զուգդիդիում վատ մթնոլորտ է: Գործում են քրեական խմբավորումներ, ճնշում կա, չեմ ուզում, որ մարդկանց մոտ խնդիրներն ավելանան: Ես գիտեմ, որ հաղթել եմ և ամեն դեպքում աջակցելու եմ Զուգդիդիի բնակչությանը»:

Ռուլոֆսը նաև ասել է, թե զարմացած է միջազգային դիտորդների գնահատականներից, քանի որ խախտումների վերաբերյալ բավարար ապացույցներ կան: Ռուլոֆսի հարցազրույցը արդեն հրապարակել են վրաստանյան 10-յակ աղբյուրներ` հղում անելով «Օդիշի Նյուզ» լրատվականին:

Ռուլոֆսի համախոհներն արդեն սկսել են մեկնաբանել նրա որոշումը: Միացյալ ազգային շարժման առաջնորդներից մեկը` Սերգո Ռատիանին լրագրողներին ասել է, թե Սանդրայի որոշումը ցավալի է և որոշ կերպ նաև վնասում է: «Կուսակցությունը որոշում է ընդունել, որ մենք պետք է պայքարենք 2-րդ փուլում, սա կարևոր է երկրի համար, որպեսզի Իվանիշվիլին չունենա սահմանադրական մեծամասնություն: Մեզ հայտնի էր, որ նա կդիմի բոլոր մեթոդներին, լինելու էին բռնություններ, սպառնալիքներ: Մենք գիտակցում ենք, որ մեր ընտողի պաշտպանությունը այն է, ինչ տեղի ունեցավ երեկ Մարնեուլիում: Մենք պայքարեցինք և հաղթեցինք: Սանդրայի որոշումը վնասում է դրան, Զուգդիդին շրջան է, որտեղ մեր հաղթանակի համար մեծ հնարավորություն կար և կա»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Զուգդիդիում կրկնակի ընտրություն անցկացվեց, Սանդրա Ռուլոֆսը ստացավ ձայների 44.48 %-ը, Ռուլոֆսի և 1-ին տեղում գտնվող Վրացական երազանքը ներկայացնող Էդիշեր Տորոլայի (48,63%) միջև 900 ձայնի տարբերություն է: Հիշեցնենք՝ ընտրությունների 2-րդ փուլը հոկտեմբերի 30-ին է:

Թողնել պատասխան