Սբ. Գեւորգի պաշտամունքը Վրաստանում

Ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներում ամենաշատ մեծարվող, ամենահայտնի սուրբ զորավարներից Սուրբ Գեւորգն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես Վրաստանում եւ վրացիների համար։ Այս կարծիքին է Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրաց արվեստի պատմության եւ հուշարձանների պահպանության ազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Էկատերինե Գեդեւանիշվիլին։

2002 թվականից այս կենտրոնում աշխատող Գեդեւանիշվիլին հիմնականում ուսումնասիրում է միջին դարերի վրացական արվեստը։ Ներկա պահին նա աշխատում է Սբ. Գեւորգի անվան եկեղեցու որմնանկարչության վրա եւ մայիսի 22-23-ին Ֆրայբուրգում կայանալիք վրաց արվեստին նվիրված սեմինարին ներկայացնելու է հենց Սբ. Գեւորգի թեման: Թեեւ այս թեմայով նա զբաղվում է արդեն ութ տարի, սակայն «Ալիք մեդիայի» հետ զրույցում վստահեցնում է, որ թեման հանրայնացնելու է, քանի որ Սբ. Գեւորգը վրացական մշակույթում առանձնահատուկ կարեւորություն ունի։

«Իմ զեկույցում հատուկ շեշտադրում եմ, թե ինչու պիտի Սբ. Գեւորգն այսպես կարեւոր լինի Վրաստանի համար: Գլխավոր պատճառներից մեկը Վրաստանի ժողովրդի քրիստոնեացման պատմությունն է: Վրաստանում առաջին անգամ 4-րդ դարի սկզբին քրիստոնեություն քարոզող Սբ. Նինոն է գալիս եւ իր հետ բերում է Սբ. Գեւորգի պաշտամունքի մասին գիտելիքներ։ Սբ. Նինոյի կյանքը, որքան էլ տարօրինակ հնչի, սկսվում է Սբ. Գեւորգի պատմությունից։ Խաչակիրները հատկապես ընդգծում են վրաց ժողովրդի եւ Սբ. Գեւորգի փոխկապակցվածությունը: Նրանք նույնիսկ մեր երկրի անունն են կապում Սբ. Գեւորգի հետ»,-ասում է Գեդեւանիշվիլին։

Պատմական աղբյուրների համաձայն՝ Վրաստանում Սբ. Գեւորգին նվիրված առաջին եկեղեցիները կառուցվել են Միհրան թագավորի օրոք, Թխոթիի սարի վրա, իսկ ավելի ուշ՝ Բոդբեում:

Գեդեւանիշվիլին ասում է, որ փաստաթղթերով ապացուցված է նաեւ շատ կարեւոր մի փաստ, ըստ որի՝ 4-րդ դարում Բյուզանդիայում ոչ մի եկեղեցի Սբ. Գեւորգի անունը չի կրել:

«Մենք հստակորեն չենք կարող ասել, թե երբ է կառուցվել Սբ. Գեւորգի Լեդայի Մարտիրիումը՝ այն կարեւորագույն սրբությունը, որտեղ Սբ. Գեւորգի մասունքներն են թաղված: Ըստ փաստաթղթերի՝ այս սուրբ հուշարձանը կառուցվել է 6-րդ դարում»,ասում է Գեդեւանիշվիլին՝ կարեւորելով, որ վրացական մշակույթը պահպանել է ոչ միայն Սբ. Գեւորգի ամենավաղ պատկերները, այլեւ նրա կյանքը նկարագրող յուրահատուկ եւ անկրկնելի սրբանկարչությունները: Հետազոտողը վստահ է՝ այս տեսանկյունից վրաց ժառանգությունն անգին է:

«Սբ. Գեւորգի ամենավաղ պատկերները տեսնում ենք 6-րդ դարին պատկանող քարե խոյակների վրա: Հետաքրքիր է նաեւ այն, որ Վրաստանում, ինչպես Գիորգի Չուբինաշվիլին է նշում, «ազգային սրբապատկերի» տարբերակը կա, ըստ որի՝ վիշապի փոխարեն կայսր Դիոկղետիանոսի պատկերն է: Ինչպես հայտնի է` Բյուզանդիայում վիշապին սպանող Սբ. Գեւորգի սրբապատկերն է տարածված: Նաեւ անմիջական զուգահեռ է անցկացվում այս թեմայում Աղթամարի հայկական եկեղեցու ռելիեֆի հետ, որտեղ Սբ. Գեւորգի հաստատող ստորագրությունն է»,ասում է հետազոտողը:

Վրացական արվեստն առանձնապես հարուստ է 12-13-րդ դարերի Սբ. Գեւորգի կյանքի տեսարանների պատկերներով: Բավական է միայն հիշել Իկվիի եւ Փավնիսիի որմնանկարչությունը, Բոճորմիի նկարչությունը: Ի տարբերություն Բյուզանդականի, որտեղ շեշտը հիմնականում դրվում է Սբ. Գեւորգի ջատագովության վրա, վրաց մշակույթում առաջնահերթություն է տրվում երկու կարեւորագույն իրադարձությունների:

Ըստ Գեդեւանիշվիլիի՝ նախ Լասիայի հրաշքն է, որն առաջին անգամ 11-րդ դարի Երուսաղեմի վրացական ձեռագրերում է արտացոլված: Պատմության համաձայն՝ Սբ. Գեւորգը հանդիպում է կույսին, որը պետք է զոհաբերվեր Լասիա քաղաքին տիրող վիշապին: Սբ. Գեւորգն աղոթքների օգնությամբ հաղթում է վիշապին, բայց սպանելու փոխարեն կապում է վիշապին եւ նվիրաբերում Լասիային, իսկ քաղաքի բնակիչներն այս իրադարձությունը մեծ ուրախությամբ են նշում:

«Այս պատմությունը շատ հայտնի է Վրաստանում: Սբ. Գեւորգի կյանքն ուսումնասիրող նշանավոր հետազոտողներից մեկը` Քր. Վոլտերը, նաեւ ասում է, որ այս սյուժեն հավանաբար սկիզբ է առել Վրաստանում, քանի որ առաջին նմուշները հենց վրացական արվեստում է արտացոլված (Ադիշիի Սբ. Գեւորգի եկեղեցի): Այս իրադարձությունը կարեւոր խորհրդանշական իմաստ ունի, Լասիա քաղաքը երկնային Երուսաղեմ ներկայացնելու միտքը, իսկ կույսը եկեղեցու եւ Աստվածածնի խորհրդանիշով է ներկայացված: Այս սյուժեում կարծես Սբ. Գեւորգի առաքելությունը ներկայանում է, որ պաշտպանի եկեղեցին եւ այն տանի դեպի երկնային դուռը»,ասում է հետազոտողը։

Երկրորդ սյուժեն, ինչպես գիտենք պատմությունից, Լեւոն թագավորի միակ որդու գերությունից ազատելն ու վերադարձնելն է խնջույքի ժամանակ։

«Այս սյուժեում նաեւ նկարագրված է իսկական վրացական խնջույքի սեղանը, իսկ ամենակարեւորն այն է, որ այս սյուժեում ներկայացվում է Սբ. Գեւորգի ամենակարեւոր գործը՝ գերիներին ազատելը: Հենց այս սյուժեների առանձնահատուկ կարեւորությունն է ներկայացնում Սբ. Գեւորգի առաքելությունը Վրաստանի կյանքում»,-վստահ է Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրաց արվեստի պատմության եւ հուշարձանների պահպանության ազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Էկատերինե Գեդեւանիշվիլին:

 

Թողնել պատասխան