«Սոկարթվելո, ամոթ». ադրբեջանցի լրագրողի համերաշխության ցույց Վրաստանի կառավարության շենքի դիմաց

«Ամոթ է, Վրաստան», «Սոկարթվելո», «Ազատություն Աֆգանին»․ նման վերտառությամբ ցուցապաստառներով ադրբեջանական, վրացական մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր Վրաստանի կառավարության շենքի դիմաց համերաշխության ակցիա անցկացրին՝ ի աջակցություն ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիին: Ակցիայի մասնակիցները խորհրդանշորեն գլուխները ծածկել էին պոլիէթիլենային պարկերով՝ ներկայացնելով ադրբեջանցի լրագրողների լուսանկարները եւ ցուցապաստառներ:

Ակցիային մասնակցում էր նաեւ Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուսթաֆաևան, վերջինս ցուցադրեց ամուսնու անձնագիրը, առանց որի էլ նրան առեւանգել են Թբիլիսիից Բաքու.

18816026_1544240482273258_187949811_n«Վրաստանի իշխանություններին ուզում եմ ասել ամոթ, քանի որ նրանք սահմանափակում են խոսքի ազատությունը, նրանք փոխանցել են Ադրբեջանին լրագրողին՝ առանց որեւէ հիմքի: Երկրի համար, որը սերտ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, սա անընդունելի է»։

Ակցիային ներկա էին ինչպես տարբեր ՀԿ-ների եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքական գործիչներ:

Գիրչի քաղաքական շարժման ղեկավար Զուրաբ Ջափարիձեն «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշեց.

«Գործ ունենք լուրջ խնդրի հետ: Բոլորս պիտի հասկանանք, որ եթե մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, մարդու իրավունքները պիտի պաշտպանված լինեն՝ լինի դա Վրաստանի քաղաքացի, թե՝ ոչ: Առաջին հերթին, նախքան արդարանալը, թող բացատրություն տան մեզ»։

«Ռեզոնbjkk,անս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշին կարծում է, որ սա բոլոր տեսակի մարդկային հարաբերությունների տարրական կանոնների խախտում է.

«Սա ջունգլիներ չի, սա երկիր է. վճռական կերպով պահանջում ենք իշխանությունից շտապ քայլեր ձեռնարկել, ապացուցել, որ սա պետություն է»։

Հիշեցնենք, մայիսի 29-ին իր սեփական տան հարակից տարածքում ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլին առեւանգվել է: Վերջինիս փաստաբանները կարծում են, որ գործընթացում խառնված են եղել ինչպես ադրբեջանական, այնպես էլ նաեւ վրացական հատուկ ծառայությունները: Այն փաստը, որ լրագրողը դուրս է բերվել Վրաստանից առանց անձնագրի, պետանվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին այսպես է բացատրել.

«Մուխթարլիին սահմանակետում չեն ձերբակալել, դա տեղի է ունեցել կանաչ սահմային գծի վրա, այստեղ անձնագիր չի պահանջվում»:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ` քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի հատկանիշներով (ազատության ապօրինի սահմանափակում):

Մուխթարլին հայտնի է որպես Ադրբեջանի իշխանություններին քննադատող: 2015 թվականից նա ստիպված է եղել բնակվել Թբիլիսիում: Մուխթարլին զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի` Վրաստանում ունեցած բիզնես կարողությունների հետաքննությամբ:

Թողնել պատասխան