Վրաստանը ինտերնետի առումով ազատ երկրների շարքում է․Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ինտերնետի ազատության 2016 թվականի զեկույցը։ Ուսումնասիրված 65 երկրների շարքում Վրաստանը դասված է ազատ երկրների շարքում։ Եվրասիական տարածաշրջանում ինտերնետի ազատության առումով Վրաստանը  բավականին լավ վիճակում է՝ ԱՄՆ-ի, Կանադայի  և ԵՄ երկրների հետ առաջատար դիրքերում:

Զեկույցի համաձայն՝ ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է նաև Հայաստանը, մասամբ ազատ են Ուկրաինան, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան ոչ ազատ երկրների շարքում են։ Զեկույցում քննադատվում է Ռուսաստանի նոր հակաահաբեկչական օրենքը, որը սահմանափակում է ինտերնետի ազատությունը: Նշված է նաև, որ 2015 թվականից մինչ օրս սոցիալական ցանցերում  քաղաքական, սոցիալական կամ կրոնական խնդիրների մասին նյութեր հրապարակելու համար 38 երկրներում մարդիկ են բանտարկված: Որոշ երկրներում ուժեղացված է ինտերնետի վերահսկողությունը։

«Սա ուսումնասիրություն է այն քայլերի մասին, որոնք աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ պետք է հաշվի առնեն երկրները: Ինտերնետի ազատության տեսանկյունից ձեր տարածաշրջանը մարտահրավերներով լի ժամանակահատվածում է: Հույս ունենք, որ Վրաստանը կպահպանի համացանցային ճնշումների վերաբերյալ իր դիրքորոշումը՝ օրինակ ծառայելով հարևան երկրների համար: Ինտերնետը տնտեսության նոր շարժիչ ուժն է», -կազմակերպության գլոբալ զարգացման քաղաքականության բաժնի փոխնախագահ Սալի Շիփման Ուենթվորթի խոսքերն է փոխանցում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Թողնել պատասխան