Վրաստանը Հայաստանին առաջարկում է մասնակցել միջազգային զորավարժություններին

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հայ գործընկեր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2018 թ․ վրացի և հայ զինվորականները միասին կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner) և «Ճկուն ոգի» (Agile Spirit) բազմազգ զորավարժություններին։ Այս մասին ասված է Վրաստանի ՊՆ-ի տարածած հայտարարությունում։

Հանդիպմանն Իզորիան Սարգսյանին առաջարկել է, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում դասընթացներ անցնեն։

Սա վերջին ժամանակահատվածում երկու երկրների պաշտպանության նախարարների երկրորդ հանդիպումն է: Իզորիան և Սարգսյանը առաջին անգամ հանդիպել են 2016 թ. դեկտեմբերին՝ Թբիլիսիում։ Այն ժամանակ նրանք երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Հիշեցնենք՝ Հայաստանի Պաշտպանության նախարարը Վրաստանում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում։

Թողնել պատասխան