SOCAR-ը պատրաստ է Վրաստանին էլ ավելի շատ գազ տրամադրել

Ադրբեջանական SOCAR ընկերությունը պատրաստ է ավելացնել Վրաստան ներմուծվող գազի ծավալները: Trend գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է SOCAR-ի արտահանման հարցերով պետի տեղակալ Նազիմ Սաեդզադեն:

«Այս պահին SOCAR-ն ամեն օր Վրաստան է արտահանում 7 միլիոն խորանարդ մետր գազ: 2016 թվականին Գաջիգաբուլ-Ղազախ-Գարդաբանի գազատարի վերականգնողական աշխատանքներից հետո օրական արտահանումը հնարավոր դարձավ ավելացնել մինչև 10 միլիոն խորանարդ մետրի: Այսինքն, մենք կարող ենք 3 միլիոն խորանարդ մետր հավելյալ գազ արտահանել»,- հայտարարել է Սամեդզադեն:

Վրացական նավթագազային կազմակերպության վերլուծաբան Լիանա Ջերվալիձեի խոսքերով, SOCAR-ը Վրաստանի համար հանդիսանում է գազ մատակարարող ռազմավարական կազմակերպություն: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կազմակերպության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` Վրաստանը մինչև 2028 թվական գազ է ստանալու SOCAR-ից: Ջերվալիձեն նաև նշել է, որ 10 տարվա ընթացքում SOCAR Georgia կազմակերպությունը Վրաստանում կատարել է մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում:

Խոսելով Gazprom-ի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, Ջերվալիձեն նշել է, որ Վրաստանը հնարավորություն ունի ռուսական կազմակերպությունից բնական գազ գնել, երբ պատահարներ լինեն, կամ Ադրբեջանից ներկրվող գազի քանակը բավարար չլինի:

Թողնել պատասխան