Վրաստանում Ադրբեջանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

Թբիլիսիում 13-ամյա անչափահասի վրա հարձակում գործած Ադրբեջանի քաղաքացուն մարտի 30-ին Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել։ Նախարարությունից interpressnews-ին փոխանցել են, որ մեղադրյալը փորձաքննության մի շարք փուլերից հետո հարցաքննվել է:

Նշվում է, որ հարցաքննվել է նաև 13-ամյա անչափահասը, ում վրա մարտի 28-ին հարձակվել էր  Ադրբեջանի քաղաքացին։ Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել Սաբուրթալո թաղամասի վերելակում։ Հարեւաններն անմիջապես ոստիկանություն էին կանչել: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հարձակվողը փորձ է արել անչափահասին խեղդել՝ վնասելով նաև նրա աչքերը:

Դեպքից հետո հրավիրած ասուլիսում Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի ղեկավար Զաուր Խալիլովը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացին հնարավոր է հոգեկան շեղումներ ունի:

ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, ինչը նշանակում է գիտակցաբար անչափահասի նկատմամբ բռնություն կիրառել։

Թողնել պատասխան