Թբիլիսիում նշվեց Վարդավառը

Հայ առաքելական եկեղեցին  հուլիսի 3-ին նշեց  Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը:

Ժողովրդի կողմից սիրված  ազգային-եկեղեցական այս տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը գալիս է դարերի խորքից:

Ամառվա շոգ  օրերից մեկին զովանալու ու տոնը նշելու նպատակով`  հայ համայնքի բազմաթիվ  ներկայացուցիչներ էին հավաքվել Թբիլիսիի  սբ. Գեւորգ առաջնորդանիստ եւ սբ. Էջմիածին եկեղեցիներում:  Տոնական պատարագից հետո, քահանաները սուրբ մյուռոնով օրհնեցին ջուրը: Այնուհետեւ, մեծ տոնախմբությամբ, երաժշտության ներքո, եկեղեցիների բակերում հավաքված ժողովուրդը սկսեց «ջրել» միմյանց:

«Ալիք մեդիան » ներկա էր Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցող տոնախմբությանը:  Տոնի խորհրդի մասին զրուցեցինք Քվեմո Քարթլիի հոգեւոր հովիվ,  սբ Էջմիածին եկեղեցու սպասավոր Տեր Վիրապ քահանա Ղազարյանի հետ:

 «Այսօր Մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որին մեր եկեղեցու հայրերը  միացրել են մեր պատմության մեջ մեծ նշանակություն եւ կարեւորություն ունեցող տոներից մեկը՝ Վարդավառը: Այսինքն, քանի որ դեռեւս հեթանոս Հայաստանում մեծ հեղինակություն է վայելել Վարդավառը, որպեսզի չկորեն մեր ավանդույթները, տոնին հոգեւոր իմաստ են տվել: Տիրոջ պայծառակերպությունն այսպես ենք նշում: Շատ կարեւոր է, որ հիշենք ու պահպանենք մեր ավանդությունները»:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ տոնին նվիրված համերգ տեղի չունեցավ, սակայն դա էլ իր պատճառներն ունի: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանն ասում է՝ մեր երգիչ երգչուհիներին էլ այս անգամ ջրվելու եւ ուրախանալու հնարավորություն տվեցինք, չէ որ սա բոլորի տոնն է:

« Վիրահայոց թեմը  ավելի քան 10 տարի է` եկեղեցիների բակերում մեծ միջոցառում է  կազմակերպում, եւ հազարավոր մարդիկ գալիս են իրենց պապերի տոնը վերհիշելու: Այս տարի տոնը նշվեց  ե՛ւ սբ Գեւորգում, ե՛ւ սբ Էջմիածնում: Երգիչ երգչուհիները նեղվում էին, որ բոլորը ջրվում էին, իսկ իրենք՝ երգում, այդ պատճառով որոշեցինք կենդանի համերգ չտալ, միացնել բարձր հայկական երաժշտություն, որպեսզի բոլորս միասին մասնակցենք տոնին»:

Հարություն Մալխասյանն առաջին անգամ է  Թբիլիսիիոմ մասնակցում Վարդավառին: Ասում է`  Ջավախքում այլ կերպ են նշում տոնը, այստեղ՝  այլ, սակայն տպավորված է:

«Առաջին անգամ եմ մասնակցում Թբիլիսիում տոնի,   մի քանի անգամ մասնակցել եմ իմ հայրենիքում՝ Ջավախքում: Տարբերություն իհարկե կա, սակայն կարող եմ ասել, որ մեծ բավականություն ստացա: Այսօր ուզում եմ ասել` հարտ եմ, որ հայ եմ: Մենք ցույց ենք տալիս Վրաստանում բնակվող վրացիներին եւ  ցանկացած այլ ազգի ներկայացուցիչներին, որ մենք հայ ենք, ունենք մեր մշակույթը եւ հպարտ ենք դրանով»:

Եկեղեցու բակում հնչող երաժշտության ներքո  շուրջպար էր բռնել «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթը, ինչից հետո խմբին միացավ  հավաքված ժողովուրդը:  «Տարոնի» պարուսույց Սուրեն Աբրահամյանն իր խոսքում շնորհավորեց բոլորին:

«Շատ խանդավառ օր է, բոլորը՝ մեծ թե փոքր, եկել են ուրախանալու,միմյանց  ջրելու.  այս տոնը տարիք չի հարցնում: Շնորհավորում եմ բոլորին: Տոնին ակտիվորեն նաեւ մասնակցում էր պարային խումբը, ժողովրդին հրավիրում էր պարի, բոլորս միասին շուրջպար էինք բռնել»:

Տոնախմբության ընթացքում եկեղեցու բակում իր աշխատանքն իրականացնող ոստիկանին ևս  երիտասարդները  ջրեցին` բացատրելով, որ հայկական եկեղեցու տարածքում Վարդավառ է, և այսօր  նեղանալ չի կարելի:

Թողնել պատասխան