Կա՞ արդյոք ընդդիմություն առանց Սահակաշվիլիի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն ավելի բարձր վարկանիշ ունի, քան կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Ֆեյսբուքի իր էջում նման կարծիք է հայտնել  ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից  Սերգի Կապանաձեն։

Ըստ նրա, այն պնդումները, թե «Միացյալ ազգային շարժման» 500 հազար  կողմնակիցները Սահակաշվիլիի աջակիցներն են,  ուղղակի հիմարություն են: Իր հայտարարության մեջ Կապանաձեն առանձնացնում է հասարակության մեջ տարածված այսպես ասած 5 «առասպել»։ Առաջինում նա հերքում է այն միտքը, թե  «Միացյալ Ազգային շարժում»-ը տարանջատում է իր աջակիցներին: «Նման բան չկա, մենք առանձնացնում ենք միայն նրանց, ովքեր արշավ են սկսել կուսակցության դեմ․նրանք  «Միացյալ ազգային շարժման» նորացված քաղաքականությունը դավաճանություն են համարում»։

Երկրորդ միֆը, ըստ Կապանաձեի, վերաբերում է ընտրությունների կեղծմանը, որը  «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները չկարողացան կանխել: «Այո, ընտրություննրը կեղծվեցին տարբեր ճանապարհներով։ Արդյունքում գողացվեց մեր ձայների 3-4 տոկոսը, սակայն պետք է ասել, որ իրական հաղթանակը «Վրացական երազանքինն» էր: Այդ իսկ պատճառով մշակում ենք մեր գործունեության հետագա ծրագիրը»,-ասել է Կապանաձեն:

Նա նշում է, որ հասարակության մեջ կարծրատիպ կա, թե  «Միացյալ ազգային շարժում»-ը Սահակաշվիլիին է հետևում․«Դա ուղղակի անհեթեթություն է: Մենք փորձում ենք ճիշտ քայլեր ձեռնարկել նոր իրականության մեջ: Իհարկե, մենք չենք ժխտում Սահակաշվիլիի դերը կուսակցության ստեղծման ու երկրի նորագույն պատմության մեջ, սակայն պետք է ասել, որ կուսակցությանն այժմ հարկավոր է նոր առաջնորդ և նորացված քաղխորհուրդ»։

Մարդիկ կարծում են, թե ընդդիմադիր կուսակցության 500 հազարի հասնող աջակիցներն իրականում Սահակաշվիլիի աջակիցներն են։ «Առանց Միշայի զրո եք»,-այս միտքը Կապանաձեն  հիմարություն է համարում։ Նրա կարծիքով,  կուսակցության առաջնորդերից առնվազն Դավիթ Բաքրաձեն ժողովրդի կողմից ավելի սիրված է և ունի ավելի շատ աջակիցներ, քան նախկին նախագահը:

Վերջին առասպելը վերաբերում է Վրաստանի ամենազդեցիկ ընդդիմադիր ուժի փլուզմանը։ Կապանաձեն սա ևս  անհեթեթություն է համարում՝ ասելով, որ այն ինչ տեղի է ունենում կուսակցության ներսում, բականոն ընթացք է․«փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է լինելու մեր ապագան»:

Թողնել պատասխան