Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեման քննարկվել է` առանց հայկական կողմի

 Թբիլիսիի «Europe house» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում`  «Ինչ ազդեցություն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Վրաստանի և վրասատանաբնակ էթնիկ ադրբեջանցիների վրա»  թեմայով:

Բաց քննարկմանը խոսքով հանդես եկան Միխեիլ Միրզիաշվիլին,  ով հանդիսանում է «Ռազմավարական ուսուցման տարածաշրջանային կենտրոնի» տնօրենը և հետազոտող Էմիլյա Ալավերդովան: Նրանք  հանդես եկան ելույթներով, որին հետեւեց հարցուպատասխան: Միջոցառումն անց էր կացվում վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով, նախաձեռնել էր«Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների այլընտրանքային կրթության կենտրոն» կազմակերպությունը, որի նպատակն է` ազգությամբ ադրբեջանցիներին ինտեգրել վրաց հասարակությանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքական և մշակութային կյանքին:

Կազմակերպիչներից Ռուսլավ Ասադին, նշում է, որ միջոցառմանը ազգությամբ հայ ներկայացուցիչ չունենալու պատճառն այն է, որ այն մարդկանցից մեկը,  ում դիմել են հայկական կողմը ներկայացնելու խնդրանքով ասել է, թե այս հարթակը պատկանում է ադրբեջանցիներին: Նրա խոսքերով`  վստահություն չկար, որ միջոցառման ընթացքը կկարողանային կառավարել երկու տարբեր տեսակետների առկայության դեպքում: Ասադին նշեց նաև, որ ապագայում նման միջոցառում անցկացնելիս անպայման ներկա կգտնվի նաև հայկական կողմի ներկայացուցիչ:

Կազմակերպչի  համոզմամբ`  հակամարտության առկայության ժամանակ դժվար է իրականացնել նման քննարկումներ: Միջոցառմանը խոսքով հանդես գալու հրավիրված Միխեիլ Միրզիաշվիլին ասաց, թե Վրաստանը ունի հաջողություններ քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում:

« Քաղաքացիական ժողովուրդ կառուցման մեջ ես տեսնում եմ ինչպես մեծամասնություն կազմող վրացիներին, այնպես նաև Վրաստանի ադրբեջանցի, հայ և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների, որոնց հետ ապրում ենք համատեղ: Սակայն այս խմբում ևս կան խնդիրներ և դրանք վերաբերում են արդեն մեծամասնություն կազմող վրացիներին»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությանը հարևան Վրաստանի վրա` Միրզիաշվիլին ասաց.

«Ես ուզում եմ սկսել`  մեր կառավարությանը քննադատելով, քանի որ մեր քաղաքական գործիչների ելույթներում նկատում եմ, որ ոչ համապատասխան գնահատականներ են տալիս հակամարտության հնարավոր ազդեցությանը Վրաստանի վրա:  Մեր երկրի քաղաքական փաստաթղթերից` «Անվտանգության  հայեցակարգում»,  Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է 2 անգամ,  եւ երկու անգամն էլ գրված է, որ կա տարածաշրջանային անվտանգության խնդիր .երկրորդ դեպքում նշվում է, որ իրավիճակի սրման պարագայում դա կնպաստի  Ռուսաստանի ազդեցության ավելացմանը: Հարկ է նշել սակայն, որ չկա ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես է վարվելու Վրաստանը իրավիճակի սրման դեպքում, մարդասիրական աղետի կամ անվտանգության ապահովման հարցում: Կա ևս մեկ փաստաթուղթ ռազմական վտանգների գնահատման վերաբերյալ, համեմատական կարգով այս փաստաթուղթը ավելի նոր է, սակայն այստեղ գրված է միայն այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է  որպես տարածաշրջանային վտանգ, իսկ մեր քաղաքացիական հասարակությունը  հետևում է նրան,  ինչ ասում է կառավարությունը: Սա այն դեպքում,  երբ նույնիսկ սառեցված հակամարտությունն արդեն իսկ բացասաբար է ազդում քաղաքական հարաբերությունների տեսանկյունից, ինչպես Վրաստան-Հայաստան, այնպես նաև Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների տեսանկյունից»:

Միխեիլ Միրզիաշվիլիի համոզմամբ`  Վրաստանը չունի խնդիր` ոչ Ադրբեջանի ոչ Հայաստանի հետ, սակայն  Հայաստանը երբեմն-երբեմն այնպիսի դիրքորոշում է ընդունում միջազգային հարթակներում, որոնք Վրաստանի համար անընդունելի են: Իր հերթին Ադրբեջանը միշտ թերահավատորեն, իսկ հաճախ նաեւ զայրույթով է դիտարկում, եթե Վրաստանը հայկական կողմի հետ որևէ կոմունիկացիոն ծրագիր է մշակում:

Ռազմավարական ուսուցանման տարածաշրջանային կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ հաճախ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացում լինում է նաև Վրաստանում, սակայն ոչ թե երկրի ներքին խնդիրներից բխող, այլ Հայաստանից և Ադրբեջանից եկող խնդիրների պատճառով: Նա նաև նշեց, որ Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին կարող է առաջարկել Եվրոպական չափանիշներին համահունչ հարաբերություններ` կողմերի միջեւ միջնորդի դեր ստանձնելով:

Անկախ հետազոտող և ինչպես ինքն ավելացրեց` բազմաթիվ համալսարաններում դասախոս  Էմիլյա Ալավերդովան իր խոսքը սկսեց` միջոցառմանը չեզոք գնահատական տալով, հիմնավորելով իր այս պնդումն այն իրողությամբ, որ այն տեղի է ունենում Վրաստանի տարածքում: Ալավերդովայի խոսքերով` Վրաստանի տարածքում անընդունելի է որեւէ տիպի բռնություն և սադրանք:

«Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հենց մեր երկիրն է կանգնած նման խնդրի առջև: Այս առումով`  իհարկե ճանաչում ենք նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո,  ինչ-որ մի կերպ պետք է խաղաղ ճանապարհով լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, սակայն ես պատմության մեջ չեմ հիշում այնպիսի դեպք, երբ պատերազմով պարտված հակամարտության պայմաններում այն լուծվի խաղաղ ճանապարհով»:

Անդրադառնալով Վրաստանի դերին` Էմիլյա Ալավերդովան կարևորեց Վրաստանի դիվանագիտական ներգրավումը և հարևան Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջնորդության իրականացումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից` Էմիլյա Ալավերդովան  նշեց.

«Հնարավոր է`  հիմա ինձ սխալ հասկանան, բայց ամեն դեքում պետք է ասեմ` պատերազմ է ընթանում նաեւ հիմա, զոհվում են երիտասարդներ,  և երբ ասենք նրանց գրաված տարածքով որեւէ երիտասարդ չի քայլելու, ապա ինչի՞դ է պետք այդ տարածքը»:

Եզրափակելով իր խոսքը`  նա ասաց, որ ի վերջո երկու կողմն էլ պետք է ինչ-որ կերպ համաձայնության գա : Քննարկումների ժամանակ խոսվեց Վրաստանի տարածքում հայրենասիրական զգացմունքներ արտահատելուց, ինչին ի պատասխան Էմիլյա Ալավերդովան ասաց, թե վրաստանաբնակների առաջին հայրենիքը հենց Վրաստանն է, «իսկ եթե ուզում են` կարող են գնալ որպես վարձականներ և մասնակցեն պատերազմին»:

Շատ երիտասարդներ տիկին Էմիլիայի ենթադրության համաձայն` ոչ եղել են և ոչ էլ գիտեն, թե ինչ է Ղարաբաղը: Երրորդ կողմի պատերազմ հրահրելու հարցին անդրադարձավ Միխեիլ Միրզիաշվին, ում  կարծիքով Ղարաբաղյան հակամարտության դերում և հայկական, և ադրբեջանական կողմերը բավականին ինքնավար են`  հիմնախնդրի էսկալացիայի կամ կայունացման հարցում:

Խոսելով Վրաստանի տարածքում երիտասարդների միջև հարաբերությունների սրման մասին` բանախոսը նկատում է, որ նման սրացումներ հաճախ լինում են այն տարածքներում, որտեղ քիչ է տեղեկատվությունը` Եվրաինտեգրման վերաբերյալ կամ ընդհանուր առմամբ կրթության պակաս կա:

Էմիլիա Ալավերդովանի համոզմամբ`  երիտասարդներին հաճախ միմյանց դեմ են սրում ավագ սերնդի ներկայացուցիչները: Ներկա գտնվող ուսանողներից մեկն էլ ավելացրեց, թե քանի դեռ ադրբեջանական «Socar» ընկերությունը հոգում է ադրբեջանցի ուսանողների մի մասի ուսուցման ֆինանսական ծախսերը, Ադրբեջանի ազդեցությունը շարունակական է լինելու:

Միջոցառմանը ներկա էին վրաստանաբնակ ադրբեջանցիներ`  այդ թվում ուսանողներ, լրագրողներ և որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հավաքին էին մասնակցում նաեւ Վրաստանում գործող մի քանի կազմակերպություններ ներկայացնող վիրահայեր:

Թողնել պատասխան