Մեկնարկում է Աջարիայի գազաֆիկացման գործընթացը

«Աջարիայի բարձր լեռնային շրջաններում գազաֆիկացման գործընթացի մեկնարկը տրվում է հոկտեմբերի 10-ից»,- այս մասին տեղեկացնում է Աջարիայի կառավարությունը:

Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն օրենսդիր և գործադիր իշխանության մի խումբ ներկայացուցիչների հետ մասնակցելու է Բաթումի-Քեդի գազատարի շինարարական աշխատանքների բացման պաշտոնական արարողությանը:

Աջարիայի կառավարության փոխանցմամբ՝  գազատարը երկնագույն վառելիքով կապահովի Խելվաչաուրիի Քեդիի և Շուախևիի մունիցիպալիտետները: Գազատարի երթուղին կանցնի Սալիբաուրի գյուղից Էրգի տանող տեղական կարևորության ճանապարհով, այնուհետև Էրգի գյուղից Խիճաուրի բնակավայր՝ Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհով:

«Գազատարի երկարությունը կկազմի 65 հազար 162 մետր: Արդյունքում բնական գազով կապահովվի 11 հազար սպառող: Շինարարության արժեքը 25 մլն 850 հազար լարի է: Ծրագիրը պետք է ավարտվի 2019 թ․ մարտի 1-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան