Վրաստանը հավակնում է ֆիլմ նկարահանելու համար լավագույն վայրի կոչմանը Արևելյան Եվրոպայում

Հազարավոր օգտատերեր են դիտել Վրաստանի ամենայուրահատուկ անկյունների մասին պատմող «Նկարահանի՛ր Վրաստանում» տեսահոլովակը:Այս փոքրիկ ֆիլմը ներկայացվել է Կինոկոմիսիոներների միջազգային ասոցիացիայի կողմից (AFCI) կազմակերպված «Creativity Awards 2016» մրցույթին:
Վրացական տեսահոլովակը ամենադիտվածն է մրցույթին ներկայացված 17 աշխատանքների շարքում: Այն ունի ավելի քան 4000 դիտում և 400 ձայն կինոյի սիրահարների կողմից:

«Նկարահանի՛ր Վրաստանում» տեսահոլովակը հավակնում է հաղթող ճանաչվել «Հանդիսատեսների ընտրությունը» անվանակարգում: Մրցույթի մասնակիցների շարքում են Լեհաստանը, Ավստրիան, Շոտլանդիան, Ավստրալիան, Չիլին, Նորվեգիան, ինչպես նաև՝ ԱՄՆ տարբեր նահանգներ ներկայացնող ֆիլմեր:
«Նկարահանի՛ր Վրաստանում» տեսահոլովակը պատրաստված է Վրաստանում արդեն իսկ նկարահանված կամ ներկա պահին նկարահանվող ֆիլմերի կամ գովազդային հոլովակների դրվագներից: Ֆիլմը ներկայացնում է Վրաստանի ամենահետաքրքրական համայնապատկերները, վրացական բնությունն ու ժամանակակից ճարտարապետությունը: Հոլովակը նպատակ ունի աշխարհի տարբեր երկրների կինոարտադրողներին ներկայացնել կինոարտադրության նախընտրելի վայր դառնալու Վրաստանի հնարավորությունները:
«Creativity Awards» մրցույթի հաղթողները կհայտարարվեն Ատլանտայում (ԱՄՆ-ի Ջորջիա նահանգ), AFCI Cineposium կոնֆերանսի ժամանակ՝ սեպտեմբերի 22-ից 24-ը: Վրացական տեսահոլովակը ստեղծվել է Կինոմատոգրաֆիայի ազգային կենտրոնի հատուկ հանձնաժողովի կողմից «Նկարահանի՛ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը նախատեսում է կանխիկ գումարի վերադարձի մեխանիզմ, ինչը ենթադրում է կինոարտադրության ընթացքում Վրաստանում կատարված ծախսերի մինչև 25%-ի վերադարձ բյուջեից: Վերջին վեց ամիսների ընթացքում այս ծրագրի շրջանակներում համաձայնեցվել է հինգ կինոնախագծի իրականացում, որոնց ընդհանուր ծախսերը Վրաստանում կկազմեն ավելի քան 8 միլիոն լարի:

Տեղեկատվությունը և  Լուսանկարը` http://www.newsgeorgia.ge/-ի

Թողնել պատասխան