Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի միջև զրույց է կայացել։
Ինչպես գրում է Թուրքիայի կառավարական Anadolu լրատվական գործակալությունը, կողմերը քննարկել են Բաթումիում զարգացած իրադարձությունները։
Աղբյուրների խոսքով՝ «Թուրքիան ուշադիր հետևում է Բաթումիում վրաց իրավապահների միջամտությունից հետո «Բեշիկթաշի» երկրպագուների հետ կապված իրավիճակին»։
Հրատարակության աղբյուրների տեղեկատվությամբ՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան և Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները գտնվում են մարզադաշտում և «ձեռնարկում են բոլոր միջոցները Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար»։
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ հեռախոսազրույց է կայացել նաև երկու երկրների ներքին գործերի նախարարներ Մուստաֆա Չիֆթչիի և Սուլխան Թամազաշվիլիի միջև։
«Բեշիկթաշի» երկրպագուների դեմ Վրաստանի ոստիկանության կողմից ուժի կիրառմանն արձագանքել են Թուրքիայի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները։
Անկարան պահանջում է ձերբակալված քաղաքացիների անհապաղ ազատ արձակում, բռնության հետաքննություն և պատասխանատու անձանց նկատմամբ իրավական միջոցների կիրառում։
Տեղի ունեցածի կապակցությամբ «Բեշիկթաշի» նախագահ Սերդալ Ադալիի հետ զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիից պահանջել է ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը Թուրքիա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թամազաշվիլին թուրք գործընկերոջն ասել է, որ երկրպագուներից Պաղեստինի դրոշներն առգրավել են ոչ թե Վրաստանի իշխանությունների, այլ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները։ Թամազաշվիլիի խոսքով՝ տեղի ունեցածից հետո նա մարզադաշտ է ուղարկել իր տեղակալին։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային է ներկայացրել ձերբակալվածների անհապաղ ազատ արձակման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջադեպին մասնակից անձանց նկատմամբ իրավական ընթացակարգեր սկսելու և նման դեպքերի կրկնությունը բացառելու պահանջները։
Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքին Բաքը խստորեն դատապարտել է Վրաստանի իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և հայտարարել, որ Թուրքիան բոլոր հարթակներում պաշտպանելու է իր մարզիկների և երկրպագուների իրավունքները։
Տեղի ունեցածին արձագանքել է նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը պահանջել է հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները, նույնականացնել պատասխանատու անձանց և անհապաղ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ։
Վրաստանի իրավապահների գործողությունները դատապարտել են նաև թուրքական ֆուտբոլային ակումբները, այդ թվում՝ «Գալաթասարայը», «Ֆեներբահչեն» և «Տրաբզոնսպորը»։
Նյութը պատրաստված է թուրքական լրատվամիջոցների հիման վրա։ Վրացական կողմը նշված հաղորդակցության վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի տարածել։