Վրաստանը պատրաստվում է արգելել փոխնակ մայրությունը. տվյալներ

«Այս տարի Վրաստանում փոխնակ մայրության միջոցով ծնված երեխաների թիվը կգերազանցի 3 հազարը. զույգերի բացարձակ մեծամասնությունը ժամանում է արտերկրից»,- այս մասին իշխանամետ «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։

Նրա խոսքով՝ զույգերը փոխնակ մայրության համար Վրաստանն ընտրում են ինչպես էժան ծառայության պատճառով, այնպես էլ այն պատճառով, որ փոխնակ մայրությունը հասանելի չէ բոլոր երկրներում։

«Վրաստանը համաշխարհային քարտեզի վրա նշված էր որպես այն վայրերից մեկը, որտեղ այս ծառայությունը կարող էր հասանելի լինել։ Այս ոլորտն այնքան ապակարգավորված էր, որ, բնականաբար, դա որոշակի խնդիրներ էր ստեղծում բազմաթիվ տեսանկյուններից, և շատերի համար դա կարող էր հետաքրքիր լինել միջազգային մակարդակով։ Այս մասին են վկայում նաև թվերը, որոնք աճող էին. ամեն տարի աճող դինամիկա է նկատվում, և այս տարի կլինի ռեկորդային ցուցանիշ։

Հաշվի առեք, որ զույգերի բացարձակ մեծամասնությունը ժամանում է արտերկրից։ Այս տարի Վրաստանում փոխնակ մայրության միջոցով ծնված երեխաների թիվը կգերազանցի 3 հազարը։ Դրանց բացարձակ մեծամասնությունը օտարերկրացիների կողմից փոխնակ մայրության միջոցով երեխա ունենալու դեպքեր են, և, բնականաբար, սա կապված է շատ լուրջ ռիսկերի հետ։ Ես չեմ կարող ասել, որ դա տեղի էր ունենում միայն էժանության պատճառով, պարզապես այն ամենուր հասանելի չէ»,- հայտարարում է Սարջվելաձեն։

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիայի հայտարարությամբ՝ մեծամասնության նիստում որոշում է կայացվել Վրաստանում փոխնակ մայրությունն արգելելու մասին։ Ինչպես նշել է Կիրցխալիան, որոշման գլխավոր հիմքը փոխնակ մայրության հետ կապված էթիկական և իրավական լուրջ ռիսկերն են։