Երեկ «Բաթումի Արենայում» «Բեշիկթաշի» և Բեեր Շևայի «Հապոելի» հանդիպումը ժամանակավորապես դադարեցվել էր. տեղի է ունեցել նաև բախում ոստիկանության հետ։ Իրավապահները պղպեղի սփրեյ են կիրառել։
«Բաթումի Արենայում» երեկ երեկոյան ժամեր շարունակ լարված իրավիճակ էր. առկա տեղեկատվությամբ՝ «Բեշիկթաշի» երկրպագուները պարբերաբար բախվել են ոստիկանության հետ։
Այս պահին առկա տեղեկատվությամբ՝ երկրպագուները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել։
Ավելի վաղ թուրք երկրպագուները մարզադաշտի ներսում պարզել էին Պաղեստինի դրոշը և հակաիսրայելական վանկարկումներ սկսել։
Հանդիպումն ընդունող մարզադաշտը փոխելու որոշումը կայացրել էր ՈՒԵՖԱ-ն։ ՈՒԵՖԱ-ի պարզաբանմամբ՝ Թուրքիայի իշխանությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, կազմակերպությանը տեղեկացրել էին, որ հանդիպման անցկացումը Ստամբուլում անհնար է։ Համապատասխան կողմերի հետ խորհրդակցություններից հետո որոշվել էր, որ Եվրոպա լիգայի հանդիպումը կհյուրընկալի Վրաստանը։
Թուրքիայի և Իսրայելի միջև քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները վատթարացել են Իսրայել-Գազա պատերազմի պատճառով։