Վրաստանի կառավարությունը ծրագրում է զարկ տալ Վրաստանի Սևծովյան ափամերձ շրջանների զարգացմանը:

Վրաստանի կենտրոնական և Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունները պատրաստվում են քննարկել մարզային զարգացման ծրագրերը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ  Վրաստանի մի շարք  շրջանների թվում  Աջարիան  ունի զարգացման ամենամեծ ներուժը:  Վարչապետը տեղեկացրել է, որ   հանդիպումներ  է ունեցել մի շարք  գործարարների հետ, որոնք հետաքրքրված են ներդրումներ անել  Աջարիայում:

«Ընդհանուր առմամբ մեծ ցանկություն կա  իրականացնել նոր նախագծեր,  և ես մտադիր եմ արագացնել այդ գործընթացը: Աջարիայում  տնտեսական  աճ է նկատվում, բայց իմ կարծիքով, ընդհանրապես, տարածաշրջանի զարգացման  ներուժն ավելի մեծ է:  Վրաստանի  այս շրջանը կարող է արձանագրել զարգացման մեծ դինամիկա»,- Աջարիայի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ  ասել է երկրի վարչապետը:

Կվիրիկաշվիլին  հայտնել է, որ  կենտրոնական կառավարությունը պատրաստակամ է  ամեն կերպ աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Կառավարության ղեկավարը  խոսել է նաև Բաթումիի բուլվարի վերանորոգման  ծրագրի մասին` տեղի  իշխանություններին կոչ անելով համագործակցել բնակչության հետ`  հաշվի առնելով նաև նրանց կարծիքը: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերն է փոխանցում   «Agenda.ge»-ն:

Թողնել պատասխան