Վրաստանում գնաճը շարունակվում է

Վրաստանի ազգային տարադրամի արժեզրկումը և սպասվող՝ ակցիզային հարկի ավելացման մասին օրենքը որոշ ապրանքատեսակների գների ավելացման պատճառ են դարձել: Որոշ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ արդեն թանկացել են 10-20 թեթրիով: Մասնագետները կանխատեսում են, որ սոցիալական պատկերն ավելի է վատանալու հատկապես հունվար-փետրվար ամիսներին, ինչից հետո չի բացառվում հանրային տրանսպորտի և կոմունալ վարձավճարների ավելացումը ևս:

Ամերկյան դոլարի նկատմամբ լարի փոխարժեքը վերջին օրերին 2,7-ի սահմաններում է և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ այս ցուցանիշն ավելի է վատթարանալու, իսկ հունվարին ակցիզային հարկի ավելացման օրենքի կիրառումից հետո մթերքի գինը ևս կավելանա՝ գրում է «Ռեզոնանսի» թերթը՝ մեջբերելով  տնտեսական փորձագետ Գիա Խուխաշվիլիի կանխատեսումները. «Լարիի արժեզրկումով պայմանավորված՝ գրեթե բոլոր ապրանքատեսակները թանկանում են այն պատճառով, որ երկիրը կախված է ներմուծումից, և փաստորեն սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մեծամասնությունը ներկրվող է՝ շաքար, բրինձ, հնդկացորեն և այլն: Սրանք ինքնաբերաբար թանկանում են, իսկ բենզինի թանկացումը կբերի մնացած մթերքների գնաճին, բենզինը կանկանա 25-30 թեթրիով»- ասում է Խուխաշվիլին:

Լարիի՝ գրեթե ամենօրյա արժեզրկումը հատկապես դեֆիցիտ դեղամիջոցների  թանկացման պատճառ է դարձել: Օրինակ՝ «Կորվալոլ» դեղատեսակը նախկին 65 թեթրիի փոխարեն այժմ վաճառվում է 1 լարիով, կամ 1 ամիս առաջ «Ցիտրամոնը» վաճառվում էր 15, այժմ 25 թեթրիով: Գրիպի և մրսածության դեղամիջոցները դեռևս չեն հասցրել թանկանալ: Սննդամթերքի գները միջինում աճել են 10-15, իսկ ծխախոտինը՝ 20-30 թեթրիով: Օրինակ՝ 1 լիտր կաթը նախկին 2,25-ի փոխարեն այժմ վաճառվում է 2,40 լարիով: Գրեթե նույնքան ավելացել է նաև շոկոլադե կոնֆետների, խտացրած կաթի  գինը: Կարտոֆիլիի կիլոգրամն առաջվա նման կարելի է ձեռք բերել 50-70 թեթրիով: Դեռևս անփոփոխ է նաև բուսական յուղերի և շաքարավազի գինը: Վերջին ամսում նկատելի թանկացել են նաև կիսաֆաբրիկատները, Հունվարին ծխախոտային ապրանքները կթանկանան ևս 50-70 թեթրիով: Սպասվում է, որ 2017-ից բենզինի 1 լիտրը կարժենա 2 լարի՝ ներկայիս 1,74-ի փոխարեն: Փորձագետները մտավախություն ունեն, որ երկրում տնտեսական իրավիճակն էլ ավելի է վատթարանալու:

Թողնել պատասխան