Թբիլիսին Երևան–Բաքու երկխոսության հարթակ կարող է լինել Արևմուտքի հետ. կարծիքներ

Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցը Վրաստան և նրա առաջարկը Երևանին՝ բանակցել Թբիլիսիում, բնականաբար, հեղինակություն կբերի Թբիլիսիին, ասում են վերլուծաբանները:

Ըստ նրանց, սակայն, Թբիլիսին պետք է միջնորդ հանդիսանա երկու հարևանների համար՝ ներգրավելով Արևմուտքին՝ որպես ուժեղ միջնորդ, բացառելով այլ կողմերի ներգրավումն այս գործընթացում:

Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիթ Բրագվաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ եթե խոսենք Վրաստանի միջնորդական դերի մասին, ապա դա շատ կարևոր ձեռքբերում կլինի Վրաստանի հեղինակության համար, թեև Վրաստանն այնքան ուժեղ դերակատար չէ այդ դերը խաղալու համար՝ հարևանների միջև առկա գործընթացների ֆոնին (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հարցը-խմբ)։

Բրագվաձեի կարծիքով, Հայաստանին ու Ադրբեջանին հիմա ավելի ուժեղ միջնորդ է հարկավոր, և գուցե Եվրամիությունը լավագույն տարբերակն է այս հարցում։

«Ինձ համար դժվար է պատկերացնել Եվրամիության միջնորդությամբ բանակցություններ Թբիլիսիում, հատկապես հիմա, երբ Վրաստանի գործող իշխանությունը դեռ չգիտի, թե ինչպես հարաբերություններ կառուցել Բրյուսելի հետ։

Սակայն Վրաստանի հեղինակության համար կարևոր ձեռքբերում կլինի նաև այն տարբերակը, որտեղ Թբիլիսին կլինի միայն բանակցությունների հիմք, իսկ միջնորդությունը կիրականացնի Եվրամիությունը»,- ընդգծեց Բրագվաձեն:

Ըստ նրա՝ կա մեկ փաստարկ, ըստ որի՝ Թբիլիսին ամենամոտ չեզոք տարածքն է բանակցությունների համար.

«Չգիտեմ, թե դա որքանով կբավարարի հայկական կողմին համոզելու բանակցությունները տեղափոխել Թբիլիսի։ Վրաստանի համար դա շատ լավ կլինի, բայց ես չեմ կարող լավատեսորեն նայել հեռանկարին»:

Հայագետ, Էթնիկական և կրոնական կապերի կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ Վրաստանը կարող է աշխարհագրական տեսանկյունից հարմար վայր լինել, կամ՝ Թբիլիսին որպես երկու հարևանների բանակցությունների արդյունքների պահպանման երաշխավոր լինել: Ըստ նրա՝ ցավոք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը կարող է երաշխիք դառնալ Ադրբեջանի հետ բանակցություններում.

«Ես հասկանում եմ, որ Փաշինյանը վստահում է Բրյուսելին և այստեղ տխրելու առիթ չկա»:

Հայագետը նշեց՝ Փաշինյանի արձագանքը, որ բանակցությունները պետք է շարունակվեն Բրյուսելի ֆորմատում, ամբողջությամբ հասկանալի է, քանի որ տևական ժամանակ անց Երևանը փոխում է իրա աշխարհաքաղաքական ուղղությունը. քայլ առ քայլ, դանդաղ, բայց գնում է դեպի Արևմուտք:

Ջեջելավան նաև ընդգծում է՝ Ալիևի այցի և դրա արդյունքների մասին շատ քիչ տեղեկություն է հասանելի, սակայն, ըստ հայագետի՝ այս այցի մասին ավելի շատ բան կարելի է հասկանալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳ) Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցից, որի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափի կարևորությունն ու այդ ֆորտմատով աշխատանքի շարունակության մասին:

Ըստ նրա՝ Ալիևի այցին հաջորդած Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից կարող են ենթադրել, որ Թբիլիսիում խոսք է գնացել նաև «3+3» ֆորմատի մասին, որը, սակայն, բազմիցս Թբիլիսին մերժել է: Հայագետը կարծում է, որ դանդաղ, բայց նշմարվող քայլերով դեպի Արևմուտքը գնացող հայ հասարակությունը ևս կմերժի այս ձևաչափը, որքան էլ Իրանի հետ դիվանագիտական լավ հարաբերություններ ունեն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստանը որպես բանակցությունների հարթակ դիտարկելու առաջարկին։ Փաշինյանի խոսքով, հիմա, երբ քննարկվում է Բրյուսելում հանդիպման հարցը, որտեղ արդեն կա որոշակի շրջանակ, Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել:

Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ Երևանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպման։ Նրա խոսքով, այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում։ Փաշինյանի խոսքով, Երևանը պատրաստ է, բայց լրացուցիչ հարցեր կան քննարկելու:

Հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցի ընթացքում Ալիևը Թբիլիսիում հայտարարեց՝ Ադրբեջանը պատրաստ է Վրաստանում բանակցել Հայաստանի հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է պետք․ «Այսօր տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Իմ կարծիքով, սակայն, ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, Վրաստանը կարող է լինել»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդգծեց՝ Թբիլիսին պատրաստ է մասնակցել միջնորդական գործընթացին:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկ անգամ են հանդիպել Թբիլիսիում՝ 2022-ի հուլիսին։

«3+3»-ն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած  տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին հավանություն էր տվել նաև Ռուսաստանը։ Այն ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Այս ձևաչափով մեկ հանդիպում է անցկացվել 2021 թվականին Մոսկվայում, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները։ Վրաստանն այն ժամանակ մերժել էր հանդիպմանը մասնակցելու առաջարկը։