Շվեդիայում դատապարտված Վրաստանի քաղաքացիները պետք է հայրենիք տեղափոխվեն․ Շվեդիայի ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի իր գործընկերոջ Մորգան Յոհանսոնին:

Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ, Յոհանսոնը Գախարիային է դիմել՝ Շվեդիայում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցով:

«Այս քաղաքացիները Շվեդիայի հետ որևէ կապ չունեն և օրենքի համաձայն նրանք կարող են Վրաստան վերադառնալ: Կա նաև երկրորդ պատճառը` Շվեդիայի կալանավայրերը անհրաժեշտ են մեր երկրի քաղաքացի հանցագործների համար»,-հայտարարել է Յոհանսոնը:

Շվեդիայի ոստիկանության տվյալներով, այդ երկրում տեղի ունեցած գողությունների գրեթե 50%-ը իրականացնում են օտարերկրացիները, ովքեր հիմնականում Վրաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Լեհաստանի քաղաքացիներ են:

«Միջազգային չափանիշների համաձայն, Շվեդիայում դատապարտված Վրաստանի քաղաքացիներին Վրաստանը պետք է հետ վերադարձնի, չնայած, վերջին 10 տարիներում նման բան տեղի չի ունենում»,-նշել է Յոհանսոնը:

Վերջինիս խոսքով, վրացական կողմը դա բացատրում է մի քանի պատճառով, այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում ազատ տեղերի բացակայությամբ:

Թողնել պատասխան