Թբիլիսիում բերման է ենթարկվել 63 խաղաղ ցուցարար

Ապրիլի 30-ին խորհրդարանի դիմաց անցկացված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 63 քաղաքացու, վիրավորվել է 6 իրավապահ։ Մայիսի 1-ի առավոտյան ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ) հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Նա հանրությանը տեղեկատվություն է տրամադրել ապրիլի 30-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների և վիրավորների մասին: Տուժած քաղաքացիների մասին փոխնախարարը ոչինչ չասաց:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժած։

Ապրիլի 30-ի բողոքի ցույցի ժամանակ, որտեղ ոստիկանները ինտենսիվորեն կիրառել են հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ֆիզիկական բռնության ենթարկել հանրահավաքի մասնակիցներին, հայտնի է, որ դաժան ծեծի են ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Խաբեիշվիլին:

Դարախվելիձեն ճեպազրույցում բազմիցս նշել է, թե խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցը չի տեղավորվում խաղաղ բողոքի ցույցի շրջանակներում, և գիշերը քաղաքացիները արհեստականորեն փակել են տարբեր փողոցների երթևեկությունը։

«Հասարակությունը հստակ տեսավ, որ գործողությունն ամբողջությամբ բռնի բնույթ է ստացել։ Բոլորս լավ տեսանք, թե ինչպես ցուցարարներն առերեսվեցին ոստիկանների հետ, նրանք ֆիզիկական և բանավոր բռնության ենթարկեցին նրանց։ Նրանք տարբեր ծանր առարկաներ, քարեր ու շշեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Բռնի գործողությունների արդյունքում տուժել է 6 ոստիկան, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ՝ բուժօգնություն ստանալու համար»,- ասել է Դարախվելիձեն։

Նրա պարզաբանմամբ՝ ոստիկանների վնասվածքների փաստերի քննությունը քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության քննություն է, իսկ իրենք՝ ոստիկանների կողմից ուժի հնարավոր գերազանցման փաստերը, հավանաբար՝ կուսումնասիրվեն համապատասխան ծառայությունների կողմից։

Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցուցարարներին։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին:

Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։