Երեկվա օրը համառոտ. ապրիլի 30

Վրաստանի խորհրդարանի հետնամասում քաղաքացիներին բռնի ուժով ցրելուն զուգահեռ, հատուկջոկատայինները բռնություն են գործադրել նաև լրագրողների, այդ թվում` «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի նկատմամբ:

ՆԳՆ-ն կոչ էր անում հանրահավաքի մասնակիցներին «ազատել խորհրդարանի շենքի մուտքի և ելքի տարածքները»։

Վրաստանի քաղհասարակության անդամները կոչ են անում կատարել իրենց պարտքը ժողովրդի առաջ և խորհրդարանում էլ ավելի հաստատակամ պայքարել ռուսական օրենքի դեմ:

Վրաստանում մայիսի 3-ից մինչև մայիսի 12-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Այս որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կառավարության որոշմամբ՝ վրաց Ուղղափառ եկեղեցու Զատկական տոներին հաջորդող օրերը՝ մայիսի 7-ը, 8-ը և 10-ը, հավելվել են որպես տոնական օրեր։

«Կառուցիր Վրաստանը» կոչ է անում Վրաստանի խորհրդարանին հետ կանչել «ռուսական օրենքը»:

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հերթական անգամ պնդել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը Վրաստանին կհեռացնի Եվրամիությունից։

Վրաստանի պաշտպանության ուժերի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Վազիանիի ուսումնավարժական բազայում, 100 զինվորականներ երդվել են երկրի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առջև։

Վրաստանի խորհրդարանը 85 կողմ, 16 դեմ ձայներով կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ է ընտրել Գիորգի Կալանդարիշվիլիին։

Վրաստանի Բաթումի քաղաքում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը և Վանաձոր քաղաքի պատվիրակությունը՝ Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանի գլխավորությամբ, 2024 թվականի ապրիլի 27-ից 28-ը մասնակցել են Բաթումիի տոնին նվիրված միջոցառումներին: