«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց 7 օրենք. մեդիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սահմանափակման մասին օրենքը և մի շարք այլ ռեպրեսիվ օրենքներ, որոնք, ըստ փորձագետների՝ միտված են քաղհասարակության ու անկախ ձայների ճնշմանը Վրաստանում։ Այդ 7 օրենքներից մի քանիսն ուժի մեջ կմտնեն «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մյուսներն ուժի մեջ կմտնեն 60 օր անց։
Ապրիլի 1-ին «Վրացական երազանք»-ի անդամներն ընդունեցին.
- «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտը», որը մշակվել է ամերիկյան FARA-ի հիման վրա, բայց, ի տարբերություն ամերիկյանի, վրացականն ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին:
- «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ամբողջությամբ արգելում են հեռարձակողների օտարերկրյա ֆինանսավորումը, նոր սահմանափակումներ են ներառում լրագրողների մասնագիտական գործունեության վրա, այդ թվում՝ աղբյուրների մասով, և խստացնում են վերահսկողությունն ու պատժիչ միջոցները: Օրենքը տարածվում է նաև հեռարձակողների առցանց հարթակների վրա:
- «Գենդերային հավասարության մասին» օրենքում փոփոխությամբ` գործող 15 օրենքներից իսպառ վերանում է «գենդեր» բառը: «Գենդերային հավասարությունը» փոխարինվում է «կանանց և տղամարդկանց իրավահավասարությամբ»: «Գենդերային ինքնություն» հասկացությունը նույնպես իսպառ վերացվում է օրենսդրությունից: Գենդերային հետազոտողները այս փոփոխությունները գնահատում են որպես «հարգանքի տուրք ծայրահեղ աջ ընտրողներին»:
- Օրենսդրական գործընթացում հասարակական կազմակերպություններին ներգրավելու պարտավորությունը վերացվում է, ինչի համար «Վրացական երազանք»-ը որպես պատճառ նշում է «հակաժողովրդավարական» և «դիվերսիոն» գործունեությունը: Երրորդ հատվածի ներգրավվածությունը ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ առաջարկների հիմնական պահանջներից մեկն էր:
- «Հայրենիքի դավաճանության» հոդվածը, որը վերացվել էր 2007 թվականին, վերադարձվեց Քրեական օրենսգիրք, թեև այն ամենը, ինչ նախատեսում էր այս հոդվածը, դեռ պատժելի է։ Մինչև 2007 թվականի ապրիլը Վրաստանի քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը սահմանում էր «Պետական դավաճանություն», այժմ այս հոդվածը կոչվում է «Հայրենիքի դավաճանություն»:
- «Կոռուպցիայի դեմ պայքարի» օրենքում փոփոխությամբ պահանջվում է պետական աշխատողներից և դատավորներից իրենց վերադասներից թույլտվություն ստանալ կրթական գործունեությամբ զբաղվելու համար:
- «Պրոֆեսիոնալ թատրոնների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը ներառում է թատրոնի կառավարման երկաստիճան մոդելի վերացում։ «Վրացական երազանք»-ի օրինագծի համաձայն՝ թատրոնը ղեկավարելու է բացառապես տնօրենը, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը վերացվում է։
Խորհրդարանը երրորդ ընթերցումից հետո օրենքներն ուղարկել է «Վրացական երազանք»-ի կողմից վեցերորդ նախագահ ընտրված Միխեիլ Կղավելաշվիլիին։ Նրա ստորագրելուց հետո, բացառությամբ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտին», մյուս օրենքներն ուժի մեջ կմտնեն օրենսդրական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո: «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» ուժի մեջ կմտնի Կղավելաշվիլիի ստորագրելուց 60 օր հետո։
Ինչ են ասում փորձագետները
Որոշ փորձագետներ «Վրացական երազանք»-ի գործելաոճը նմանեցնում են Բելառուսի ու Ադրբեջանի իշխանությունների գործելաոճին: Նրանց դիտարկմամբ՝ նման արագությամբ ընդունվող օրենքները երկրում շուտով բռնապետություն կարմատավորեն: Որոշ փորձագետներ էլ ասում են՝ «Վրացական երազանք»-ը ստեղծել է այդ երկու բռնապետական երկրների գործելաոճի վրացական տարբերակը:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ը փորձում է քանդել քաղաքացիական հասարակությունը Վրաստանում ու ճնշել քննադատական ձայները: Ըստ Զաքարեիշվիլիի՝ սա դասական ավտորիտարիզմի ձև է, որը «Վրացական երազանք»-ը փորձում է խարսխել Վրաստանում, բայց, հավանաբար՝ չի ստացվի:
Փորձագետը հուսով է, որ վրաց ժողովուրդը հօդս կցնդեցնի «Վրացական երազանք»-ի հույսերը, վրաց ժողովուրդը չի հանդուրժի ավտորիտարիզմը Վրաստանում:
«Վրաց հասարակության համար անհանդուրժելի կլինեն այն խնդիրները, որոնք ստեղծել է «Վրացական երազանք»-ը. վերջինս փորձում է թուլացնել քաղհասարակությանը, բայց քաղհասարակությունը նրանց հակառակը կապացուցի: «Վրացական երազանք»-ը փորձում է վերացնել ընդդիմադիր կոնտեքստը Վրաստանից. ընդդիմադիր մեդիան, և ինչու ոչ՝ անկախ քաղաքացիական հասարակությունը, քանի որ վերջինս տարբերվող կարծիք է ստեղծում հասարակության շրջանում», — ասաց Զաքարեիշվիլին:
Զաքարեիշվիլին երկրում տեղի ունեցողը բնութագրում է որպես «ավտորիտարիզմի կառուցում»: Նա, սակայն, սա չի համարում Բելառուսի ու Ադրբեջանի իշխանությունների գործելաոճ, այլ ասում է. «Սա դրանց վրացական տարբերակն է»:
Իրավաբան Սաբա Բրաճվելիի խոսքով, «Բելառուսն ու Ադրբեջանն ավելի մոտ են, քան հայելու մեջ են երևում»: Բրաճվելին ընդունված օրենքները վերլուծում է առանձին-առանձին:
Ըստ նրա՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտը», որը մշակվել է ամերիկյան FARA-ի հիման վրա, ամերիկյան չէ. վրացական տարբերակը չի հանդուրժում անկախ մարդկանց, լրատվամիջոցներին և քաղաքացիական սեկտորին, «սա նախկին ռուսական օրենքի խստացված տարբերակն է»:
Փաստաբանի դիտարկմամբ.
- «Հայրենիքի դավաճանության» հոդվածը կօգտագործվի որպես լրացուցիչ պիտակ դիվերսիայի կամ այլ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչվածների համար։ «Հասարակական բողոքի ակցիաների վերաբերյալ այս հոդվածներով արդեն հետաքննություն է սկսվել։ Մի խոսքով, «Վրացական երազանք»-ին դեմ քվեարկելը պաշտոնապես հավասարազոր կլինի դավաճանության», — գրել է իրավաբանը:
- «Բոլոր օրենքներից հանվել է «գենդեր» բառը։ Սա նրանց ոչ մի բանի պետք չէր, դա դեռևս կանանց նկատմամբ բռնություն գործադրողների կուսակցություն է, բայց ավելացրին, ենթադրաբար, օտարերկրացիների սրտերը շահելու համար:
- «Դեռ չեն հասցրել ընդունել, բայց արդեն գրանցվել է օրենքի նախագիծ, որով շուտով կարգելվեն գործող ընդդիմադիր կուսակցությունները, իսկ հետո պարզապես նորերը չեն գրանցվի»։