«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա Կղավելաշվիլիի առաջին այցն է արտերկիր։
Ադրբեջանի նախագահական պալատում կայացած երկկողմ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում քննարկվել են Վրաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, սերտ կապերը և ընդհանուր շահերը։
Կղավելաշվիլին, որ, ի տարբերություն Ալիևի, իր ելույթը կարդացել է նախապես պատրաստված տեքստից, ասել է. «Ցավոք, վերջին շրջանում մեր երկրները բազմիցս դարձել են երկակի ստանդարտների և ներքին գործերին արտաքին ուժերի միջամտության օբյեկտներ։ Չնայած բազմաթիվ փորձերին՝ մենք վճռականորեն դիմակայում ենք այդ սպառնալիքներին»։
Նախկինում նման հայտարարություն է արել հենց Իլհամ Ալիևը։ Ապրիլի 9-ին Ալիևն ասել էր` «Եվրամիությունը Վրաստանին վերաբերվում է գաղութատիրոջ պես», «միջամտում է ներքին գործերին», «անտեսում է ժողովրդի կամքը»: Ալիևն «ամբողջովին անընդունելի» է անվանել Եվրահանձնաժողովի մոտեցումը Վրաստանի «ներքին գործընթացներին»:
«Այսօրվա գլոբալիստական դարաշրջանը, որը լի է մարտահրավերներով և սպառնալիքներով… սպառնում է հիմնարար արժեքներին… Վրացի և ադրբեջանցի ժողովուրդները միասին են և կշարունակեն միասին կանգնել մեր ազգերի համար կենսական արժեքները պաշտպանելու պայքարում: Մեր երկրների միջև երկարամյա բարեկամությունը և ընդհանուր խելամիտ քաղաքականությունը մեզ թույլ են տվել ճիշտ սահմանել տարածաշրջանի դերը», — ասել է Կղավելաշվիլին։
Կղավելաշվիլին նաև ասել է. «Անհնար է, որ որևէ երրորդ երկիր կամ կազմակերպություն մեզանից լավ իմանա, թե ինչն է լավագույնը մեր ժողովրդի համար: Ես ուրախ եմ, որ մեր համագործակցությունն ընդհանուր շահերի պաշտպանության առումով ինտենսիվ ձև է ստացել»:
«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների «ընդհանուր ապագան ներառում է հաջողակ, տնտեսապես ուժեղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որտեղ մեր ժողովուրդները կկարողանան ուրախությամբ գոյակցել իրենց սովորույթների և ավանդույթների հետ, այլ ոչ թե պարտադրված ազատական արժեքների հետ»:
Կղավելաշվիլին նաև ասել է, որ Վրաստանը «ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցային գործընթացի ավարտը»։ Նաև հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Կղավելաշվիլիի այցը սկսվել է երեկ՝ ապրիլի 15-ին. նրան առաջինն ընդունել է վարչապետ Ալի Ասադովը։ Կղավելաշվիլիի պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, «Վրացական երազանք»-ի խորհրդարանականներ Սավալան Միրզոևը, Գիվի Միքանաձեն ու Զաուր Դարգալին և Կղավելաշվիլիի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան: