Վթար Մառնեուլի-Սադախլո ճանապարհին. անչափահասներ են տուժել

Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի տեղեկություններով` վթարի հետևանքով կան տուժածներ. տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Խոժոռնի գյուղի երկու և Գյուլիբաղի մեկ անչափահաս աշակերտներ, երկու աղջիկ ու մեկ տղա։

Տուժած աշակերտների հարազատներից մեկն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին պատմեց, որ անչափահաս երեխաներն այս տարի պետք է ավարտեն դպրոցն ու կրկնուսույցի մոտ դասերից վերադառնալիս են եղել, երբ դեպքը պատահել է։

«Երեխաները տարբեր մարմնական վնասվածքներ ունեն, մեկի ոտքն է, հավանաբար` կոտրվածք է, պետք է վիրահատեն, մեկի գլուխն է վնասված, դեռ զննում են, մյուսի թևն է։ Երեխաները գյուղի ավտոբուսին են սպասելի եղել», — պատմեց հարազատներից մեկը։

Համացանցում շրջող տեսանյութում երևում է, որ իրար են բախվում երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով` մեքենաներից մեկը կորցրել է կառավարումը և վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած երեք անձի։

Միջադեպի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ինչպես ճամփեզրին, այնպես էլ մեքենայում գտնվողները։ Տուժածները շտապօգնության բրիգադի օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայրում ներգրավվել են ոստիկանության աշխատակիցներ և փրկարարական ջոկատներ. դեպքը հետաքննվում է։