«Լրագրողները չպետք է բանտում լինեն իրենց գործունեության համար», — հայտարարել է Ավստրիայի «Կանաչներ» կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Լենա Շիլինգը՝ սկսելով Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակման պահանջով հանրային արշավը։
Եվրախորհրդարանի պատգամավորը գրել է մի հանրագիր, որը կարող է ստորագրել աշխարհի ցանկացած անկյունից ցանկացած մեկը։
«Մզիա Ամաղլոբելին վրացի ամենաքաջ և ամենաանկախ լրագրողներից մեկն է։ Այսօր նա բանտում է, և նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում ազատ մամուլի, ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարելու համար։
Մենք կանգնած ենք Մզիայի կողքին։ Մենք աջակցում ենք Մզիա Ամաղլոբելիին, նրա գործընկերներին և բոլոր անկախ լրագրողներին, որոնք պայքարում են Վրաստանի ազատության համար», — ասված է հանրագրում։
Նշենք, վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին կրկին կալանքի տակ կմնա. դատավոր Նինո Սախելաշվիլին նման որոշման պատճառ է նշել «նոր հանցագործություն կատարելու սպառնալիքը»։