Ապրիլի 28-29-ը Հայաստանում էր «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին. նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Ապրիլի 29-ի առավոտյան քննչական ծառայության աշխատակիցները մտել են հեռուստահաղորդավար և «Նանուկայի հիմնադրամ»-ի հիմնադիր Նանուկա Ժորժոլիանիի, ակտիվիստ Մարիամ Բաջելիձեի և «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլիի և «Միմյանց համար 24/7» հիմնադրամի հիմնադիր Գուգա Խելաիայի բնակարանները։
Վրաստանի դատախազությունը հրապարակել է իր առաջին հայտարարությունը բարեգործական հիմնադրամների հիմնադիրների տներում կատարված խուզարկությունների վերաբերյալ։
Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին մեկնաբանել է քաղաքացիական ակտիվիստների և հիմնադրամների հիմնադիրների տներում կատարված խուզարկությունները՝ գրելով, որ քննչական գործողությունների ընթացքում պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցներն անչափահասներին վնաս հասցնելը կանխելու համար։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից և քաղաքականությունից Իրակլի Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո կուսակցությունը հայտարարել է համագումար անցկացնելու մտադրության և քաղաքական խորհրդում «թեթևակի» փոփոխությունների մասին։
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Մերաբ Տուրավան նշանակվել է արդարադատության փոխնախարար։
Գիորգի Չիկվաիձեի մոր` Էկա Ծերեթելիի խոսքով, Գիորգի Չիկվաիձեի առողջական վիճակը վատացել է։
Հանրային հեռուստաընկերության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել բողոքի ցույցերին մասնակցելու համար ձերբակալվածների ընտանիքների անդամները։
Ճիաթուրայի մունիցիպալիտետում բողոքի ցույցի մասնակից 4 հանքափոր է բերման ենթարկվել: Հանքափորների խոսքով, համախոհ հանքափորները բերման են ենթարկվել գիշերը մոտավորապես ժամը 03:00-ի սահմաներում:
Ճիաթուրայի հանքագործները հայտարարել են մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, ժամը 13:00-ին Ճիաթուրայում լայնածավալ բողոքի ակցիայի մասին։
Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին կրկին կալանքի տակ կմնա. դատավոր Նինո Սախելաշվիլին նման որոշման պատճառ է նշել «նոր հանցագործություն կատարելու սպառնալիքը»։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «գործակալների օրենք»-ի հակառակորդ և 2024 թվականի մայիսին իր տանը ձերբակալված ցուցարար Գիորգի Օկմելաշվիլիի նկատմամբ քաղաքային դատարանի 5 տարվա ազատազրկման դատավճիռը:
«Լրագրողները չպետք է բանտում լինեն իրենց գործունեության համար», — հայտարարել է Ավստրիայի «Կանաչներ» կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Լենա Շիլինգը՝ սկսելով Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակման պահանջով հանրային արշավը։
ՆԳՆ վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում վարորդական իրավունք է ստացել 6148 քաղաքացի։ Նրանցից 81-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
ACT Research կազմակերպության անցկացրած հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ հասարակության մեջ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը բավականին բարձր է։