Նիկա Մելիայի նկատմամբ 50 հազար լարի գրավ է կիրառվել

«Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Մելիայի նկատամամբ 50 հազար լարի գրավ է սահմանվել:

Մելիայի դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 28-ին։ Որոշումը Թբիլիսիի քաղաքային դատարանում ապրիլի 29-ին հրապարակել է դատավոր Լելա Մարիդաշվիլին։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը», որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով։

Ընդդիմության առաջնորդներից նիստին ներկայացել է միայն Գիորգի Գախարիան («Վրաստանի համար» կուսակցության առաջնորդը), իսկ ընդդիմության մյուս առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել նիստերին չներկայանալու համար։

Նիստին չներկայանալու համար արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց գրավ է կիրառվել Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի («Ուժեղ Վրաստան» կուսակցություն) նկատմամբ` յուրաքանչյուրին 50 հազարական լարի գրավ։ «Միացյալ ազգային շարժման» կառավարության տարիներին պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ սահմանվել է 20 հազար լարի գրավ, և նրան արգելվել է լքել երկիրը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրա Ջափարիձեի նկատմամբ՝ 20 հազար լարի, իսկ Գիվի Թարգամաձեի նկատմամբ` 10 հազար լարի, ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի նկատմամբ՝ 30 հազար լարի, «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի նկատմամբ` 50 հազար լարի գրավ։

Այս ընդդիմադիրների դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 349 հոդվածով՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը»։

Հանձնաժողովի մասին

ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.

  • բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
  • սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
  • կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
  • Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։

Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։

Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճռի» կայացումը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:

Մարտի 27-ին «Վրացական երազանք»-ն ընդլայնեց հանձնաժողովի լիազորությունները, և վերջինս այլևս չսահմանափակվեց ՄԱՇ-ի խնդրի քննարկմամբ։ Որոշվեց, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է մինչև 2024 թվականը ներառյալ իրադարձությունները: