«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
Կոբախիձեն իր Facebook-յան էջում գրել է, որ մի քանի շաբաթ առաջ նրանց ուղարկված նամակը վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, որում արտահայտել էր հարաբերությունները «մաքուր էջից» սկսելու իր պատրաստակամությունը, մնացել է անպատասխան։ Կոբախիձեն կարծում է, որ դա զարմանալի է` հաշվի առնելով, որ «Վրացական երազանք»-ի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև արժեքների մերձեցում կա։
«Ավելին, մինչ օրս Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև ամենաբարձր մակարդակով որևէ շփում չի եղել», — գրել է Կոբախիձեն՝ «լռությունը» մի քանի պատճառներով զարմանալի գնահատելով։
Կոբախիձեն Թրամփին հիշեցրել է, որ «Վրաստանը ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերն է մեր ամենադժվար տարածաշրջանում»: Ըստ Կոբախիձեի՝ «Վրաստանն աջակցել է ԱՄՆ-ին ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում»։ «Միայն այս երկու առաքելություններին մասնակցելով՝ մեր փոքր երկիրը խնայել է ԱՄՆ-ի համար 2.5 միլիարդ դոլար, որը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ բյուջեից Վրաստանին տրամադրված իրական (!) օգնությունը», — գրել է նա։
Այստեղ Կոբախիձեն Թրամփին պարզաբանել է, թե «Վրացական երազանք»-ի կառավարությունը ո՛ր գումարները չի հաշվում ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող օգնության մեջ:
«Իրական օգնություն չեն համարվում ԱՄՆ բյուջեից 2008-11 թվականներին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը փրկելու համար հատկացված միջոցներն այն բանից հետո, երբ Սաակաշվիլին Deep State-ի հրահանգով պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ։ Իրական օգնությունը չի ներառում նաև ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, NED-ի, Սորոսի հիմնադրամի և այլ խողովակներով Վրաստանում արմատականություն և ատելություն հրահրելու, հեղափոխություններ կազմակերպելու, Վրաց ուղղափառ եկեղեցու հեղինակությունն արատավորելու, կրոնական ծայրահեղականությունը խրախուսելու, պետական ինստիտուտները թուլացնելու, գենդերային և ԼԳԲՏ քարոզչություն իրականացնելու և այլ նմանատիպ նպատակներով հատկացված միջոցները», — գրել է Կոբախիձեն:
Կոբախիձեն նաև թվարկել է այն պատճառները, թե ինչու է զարմանալի, որ իր նամակը անպատասխան է թողել ԱՄՆ նախագահի վարչակազմը հատկապես այն փաստի լույսի ներքո, որ, ըստ Կոբախիձեի, ԱՄՆ-ն «ակտիվ երկխոսություն և հաղորդակցություն» է վարում «բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար պետությունների» հետ։ Եվ սա այն դեպքում, երբ, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետի խոսքով, «միջազգային վարկանիշների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատարն է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության, դատական անկախության, պետական ինստիտուտների ամրության, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ չափանիշների առումով»։
Կոբախիձեն նաև նշել է, թե «Վրաստանի հանդեպ Թրամփի վարչակազմի լռությունն իրենց համար որևէ տրամաբանական բացատրություն չունի` հաշվի առնելով, որ եթե դիտարկենք «Վրացական երազանք»-ի և Թրամփի վարչակազմի հրապարակային հռետորաբանությունը, մեր տեսլականների միջև լիակատար արժեքային և գաղափարախոսական համապատասխանությունն ապշեցուցիչ է»:
«Մենք բացահայտ խոսում էինք Deep State-ի, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կազմակերպությունների հանցավոր գործունեության մասին մի քանի տարի առաջ, նախքան դուք նույնական հայտարարություններ կանեիք։ Մենք ունենք բացարձակապես նույնական գնահատականներ Ուկրաինայում պատերազմի, գենդերային ու ԼԳԲՏ քարոզչության և շատ այլ հարցերի վերաբերյալ։ Նման արժեքային և գաղափարախոսական մերձեցման ֆոնին վրաց ժողովրդի սկզբնական սպասումն այն էր, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը կցուցաբերի հատուկ հետաքրքրություն։ Դուք նման հետաքրքրություն եք ցուցաբերել Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ իրականացվել են ոչ ժողովրդավարական գործողություններ։ Սակայն, ի զարմանս վրաց ժողովրդի և մեզ, դուք մինչ օրս նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ», — գրել է Կոբախիձեն ԱՄՆ նախագահին և փոխնախագահին։
Նա «անհասկանալի» է անվանել «Վրաստանի փոխվարչապետի և այլ պետական պաշտոնյաների դեմ կիրառվող «պատժամիջոցները, որոնք արդյունավետորեն խափանել են Բայդենի վարչակազմի ծրագրած և USAID-ից ֆինանսավորվող հեղափոխության և բռնության փորձը»։
2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց միլիարդատեր նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Միացյալ Նահանգների կողմից Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը կայացվեց Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի 30-րդ օրը և «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ։
Կոնգրեսի ընդունած MEGOBARI Act-ը նա անվանել է «անհեթեթ օրենք», որը, ըստ Կոբախիձեի՝ «լի է վրաց ժողովրդի և նրանց ընտրած կառավարության նկատմամբ թշնամանքով», և չէր կենտրոնացնի դրա վրա ուշադրություն, «եթե շատերն այդ արարքը չվերագրեին Թրամփի վարչակազմին»։
Կոբախիձեն նշել է. «Այս ընկալումն ամրապնդվում է այն փաստով, որ ձեր վարչակազմը որևէ քննադատական հայտարարություն չի արել MEGOBARI Act-ի վերաբերյալ»։
«Վրացական հասարակության շրջանում վերջին իրադարձությունները առաջացնում են այն զգացողությունը, որ Deep State-ի պարտության մասին հայտարարությունները պարզապես վերջինիս վերաբրենդավորման փորձեր են և ոչ ավելին։ Մարդկանց զարմացնում է, որ դուք խստորեն քննադատում եք Բայդենի որոշումները, բայց դեռևս չեք շտկել նրա հանցավոր որոշումները։ Այնուամենայնիվ, մեր կառավարությունը շարունակում է հրապարակային հայտարարություններում լավատեսություն հայտնել, որ ձեր վարչակազմն իրականում կկարողանա հաղթել Deep State-ին, ինչը, անկասկած, ազդեցություն կունենա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության վերականգնման վրա։ Իրականում մենք մեծ հույս ենք փայփայում այդ առումով։ Հակառակ դեպքում Բայդենի վարչակազմի օրոք ծրագրված հեղափոխական սցենարը կշարունակվի։ Հիշեցնում ենք, որ մինչև 250 մարդ, որոնց մարզել և ֆինանսավորել են USAID-ն ու NED-ը, դեռևս ամեն օր հավաքվում են երկրի մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում, ինչը անհերքելի ապացույց է այն բանի, որ Deep State-ը մինչ օրս չի հրաժարվել իր հեղափոխության ծրագրից», — նշել է Կոբախիձեն:
2024 թվականի նոյեմբերի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կասեցման մասին:
Կոբախիձեն նշել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հույս ունի, թե Թրամփի վարչակազմի «դիմակայությունը Deep State-ի հետ անկեղծ կլինի և կավարտվի Deep State-ի պարտությամբ». «Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այս պահին, որը պետք է ծառայի որպես վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման հիմք։ Հաջողություն այս պայքարում։ Մաղթում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ուժ և բարգավաճում»:
«Վրացական երազանք»-ի դավադրության տեսության համաձայն, «գլոբալ պատերազմի կուսակցությունը», որի նպատակն է 10 անգամ կրճատել աշխարհի բնակչությանը, վերահսկում է ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքական իսթեբլիշմենթը և տարիներ շարունակ պայքարում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, որը «վերջ է դրել գործակալապետությանը»։
Նույն դավադրության տեսության համաձայն, «գլոբալ պատերազմի կուսակցությունն» է հրահրել 2008 թվականի Ռուսաստանի ներխուժումը Վրաստան, իսկ նրանց «խամաճիկներն են» Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունները, ՀԿ-ները, լրատվամիջոցները, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը, ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը և այլն։