Մայիսի 14-ին Քուռ (Մտկվարի) գետի ձախ ափին տեղի ունեցած ավտովթարից հետո, որի հետևանքով մեքենան ընկել էր գետը, որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են աղջկա դի։ Ընտանիքի խոսքով՝ նա 44 օր առաջ անհետացած Աիթաջ Մամեդովան է։
Տեղեկությունը տարածել են Մառնեուլիի լրատվամիջոցները՝ Marneulinews-ը և 24news-ը։
21-ամյա Աիթաջ Մամեդովան անհետացել էր ապրիլի 1-ին և այդ ժամանակից ի վեր որոնվում էր, այդ թվում՝ Քուռ գետում։
Ըստ նրա ընտանիքի՝ նա գնացել էր ընկերոջ ծննդյան օրը նշելու, որից հետո անհետացել էր «Խաղաղության կամրջի» մերձակայքում։ Քեռու խոսքով՝ ոստիկանությունն ընտանիքին ասել է, որ տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկն ընկնում գետը։