Վրաստանի պատրիարք Իլիա II-ը նամակով շնորհավորել է Լևոն XIV-ին Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ։
«Այս դժվարին, հակասություններով լի ժամանակներում ձեր աջակցությունը իրական արժեքների պաշտպանությանը, ձեր վճռականությունն ու անսասանությունը մեծ նշանակություն կունենան ամբողջ աշխարհի համար», — ասված է մայիսի 18-ին հրապարակված նամակում, որը Պատրիարքարանը տարածել է սոցիալական ցանցերում։
Պատրիարքը նամակում նաև նշել է. «Երբ հանդիպեցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, նշեցի և վերստին կկրկնեմ, որ Հռոմի Աթոռը և Վրաց Ուղղափառ Եկեղեցին հիմնադրել են եղբայրներ Պետրոս և Անդրեաս առաքյալները, ինչը մինչ օրս մեր հարաբերություններին հաղորդում է բացառիկ հարգանք: Խնդրում ենք ընդունել մեր լավագույն մաղթանքները։ Աղոթում եմ Տիրոջը, որ Ձեր գործը հաջող լինի ոչ միայն կաթոլիկ աշխարհի, այլև ամբողջ մարդկության համար։ Եղբայրական սիրով»:
Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ արարողությանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ։
Արարողությանը մասնակցել են մոտ 150 միջազգային պատվիրակություններ։ Երդմնակալությանը ներկա են եղել աշխարհի առաջնորդներ և թագավորական ընտանիքների անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Մեծ Բրիտանիայի արքայազն Էդվարդը, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլլին և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Հռոմի պապի երդմնակալության արարողությանը ներկա էին «Վրացական երազանք»-ի ընտրված Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և նրա կինը։
Հիշեցնենք, մայիսի 8-ին կոնկլավը ընտրեց նոր Հռոմի պապ՝ Լևոն XIV-ին (Ռոբերտ Պրևոստ): Նա Միացյալ Նահանգների առաջին ներկայացուցիչն է, որը գլխավորում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Նոր պապի ընտրությունը անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, երբ ապրիլի 21-ին Վատիկանում 88 տարեկան հասակում մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։