Պաշտոնյաներից ոմանք թմրամիջոցների թեստ չեն հանձնի

Վրաստանի նախագահը, խորհրդարանի անդամները, նախարարներն ու նրանց տեղակալները, Աջարիայի և Աբխազիայի ինքնավար հանրապետությունների կառավարության նախագահները, Գերագույն խորհրդի պատգամավորները այլևս չեն ունենա թմրամիջոցների թեստավորման պարտավորություն, փոխանցում է netgazeti լրատվականը:

Ըստ տեղեկության՝ նախաձեռնության հեղինակները իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են։ Փոփոխություններ են ներառված «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում։ Ըստ մինչ այժմ գործող կանոնների՝ նշված պաշտոնյաները պարտավոր են թմրամիջոցների թեստավորում անցնել «Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կողմից իրենց համար սահմանված ժամկետում»։

Համապատասխան տեղեկանքը անձը պետք է ներկայացնի բյուրո` տեղեկանքը տրվելուց հետո 3 օրվա ընթացքում։ Ծանուցումը հրապարակային է, և տեղեկանքն ստանալուց հետո բյուրոն դա տեղադրում է իր կայքում։

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ թմրանյութերի թեստավորում անցնելը վիրավորական է: Գործընկերների նախաձեռնությունը ողջունում են ընդդիմադիր որոշ պատգամավորներ։ Նրանց թվում են Ալեկո Էլիսաշվիլին և Իագո Խվիչիան։ Պատգամավոր Թեոնա Ակուբարդիան կարծում է, որ սա մի տեսակ հաշվետվություն է հասարակությանը, և խնդիր չի տեսնում թմրանյութերի թեստավորում անցնելու մեջ։

Օրինագիծն արդեն ստացել է բյուջետային գրասենյակի և իրավաբանական վարչության եզրակացությունները։ Մնում է ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը, որի դրական եզրակացությունը պարտադիր է նախագիծը լիագումար նիստում ընդունելու համար։