Վրաստանից արտաքսվածների կտրուկ աճ 2025 թվականին

2025 թվականի առաջին հինգ ամիսներին Վրաստանից ավելի շատ օտարերկրյա քաղաքացիներ են արտաքսվել, քան 2024 թվականին։ Սրա մասին է վկայում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած վիճակագրությունը։

2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 363 օտարերկրացի, այդ թվում՝ Ադրբեջանի 71, Իրանի 54, Թուրքիայի 31, Հնդկաստանի 33, Նիգերիայի 31, Ռուսաստանի 20 քաղաքացի։

2025 թվականի հունվար-մայիսի տվյալներով՝ արտաքսվել է 394 օտարերկրացի։ Մասնավորապես, հունվար-մարտ ամիսների վիճակագրության համաձայն, Վրաստանից արտաքսվել է 219 օտարերկրացի, այդ թվում՝ Իրանի 42, Հնդկաստանի 32, Թուրքիայի 25, Չինաստանի 23, Ռուսաստանի 16, Թուրքմենստանի 13 քաղաքացի։ ապրիլին` 96 օտարերկրացի։ Դրանից հետո ՆԳՆ-ն հրապարակել է ևս երեք մամուլի հաղորդագրություն, որտեղ խոսվում է 33, 15 և 31 օտարերկրացիների արտաքսման մասին։

Տվյալներն ավելանում են նաև տարեցտարի։ 2024-ին, 2023-ի համեմատ, Վրաստանից արտաքսված օտարերկրացիների թիվն աճել է 91 տոկոսով, իսկ 2023-ին 2022-ի համեմատ՝ 15 տոկոսով։ 2023 թվականին Վրաստանից արտաքսվել է 190 օտարերկրացի, որոնցից 41-ը՝ Ադրբեջանի, 32-ը՝ Իրանի, 27-ը՝ Հնդկաստանի, 13-ը՝ Ռուսաստանի; 2022 թվականին՝ 165 օտարերկրացի, այդ թվում՝ 29-ը՝ Իրանից, 25-ը՝ Թուրքիայից, 21-ը՝ Ադրբեջանից, 15-ը՝ Հնդկաստանից։

Օտարերկրյա քաղաքացիների մի մասը ինքնակամ է լքել Վրաստանը, իսկ մյուսներին բռնի կերպով երկրից արտաքսել է միգրացիոն վարչությունը։ Գործող օրենսդրության համաձայն՝ վտարված անձանց մուտքը երկիր արգելվել է։

Այս տարի «Վրացական երազանք» կուսակցությունը մի քանի ոլորտներում խստացրել է միգրացիոն օրենսդրությունը: Խորհրդարանի հաստատած վիճահարույց փոփոխություններից մեկը վարչական տույժի նոր տեսակ է սահմանում՝ երկրից վտարումը։ Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով, դա կկիրառվի նրանց նկատմամբ, ովքեր «կկատարեն կոնկրետ իրավախախտումներ, ինչպիսիք են, օրինակ, մանր խուլիգանությունը, ոստիկանությանը անհնազանդությունը, հավաքների և ցույցերի կանոնների խախտումը»։