Դատավորը բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 8 անձի թողեց կալանքի տակ

Երեկ կայացել է ակցիաների ժամանակ ձերբակալված 8 անձի` Զվիադ Ցեցխլաձեի, Վասիլ Կաձելաշվիլիի, Վեփխիա Կասրաձեի, Իրակլի Միմինոշվիլիի, Ինսափ Ալիևի, Թոռնիկե Գոշաձեի, Նիկոլոզ Ջավախիշվիլիի և Գիորգի Գիորգաձեի դատավարությունը։

Դատավոր Թամար Մճեդլիշվիլին, չնայած փաստաբանների միջնորդությանը` կալանքի տակ է թողել նրանց։

Դատախազության կողմից երեկ դատարան բերված վկաներն ասել են, որ խորհրդարանի ենթակառուցվածքները վնասվել են, արտաքին օդորակիչը կոտրվել է, պատուհաններն ու վարագույրները նույնպես վնասվել են։

Փաստաբանների տված հիմնական հարցը սա էր. մեղադրյալի աթոռին նստած ո՛ր մեղադրյալն է կատարել հանցագործությունը։ Այս հարցին վկաները պատասխան չեն ունեցել։

Հիշեցնենք. դատախազությունը ձերբակալվածներից երեքին՝ Զվիադ Ցեցխլաձեին, Վեփխիա Կասրաձեին և Վասիլ Կաձելաշվիլիին մեղադրում է խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար։ Նրանց սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։

Ձերբակալված մյուս հինգ անձինք մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար։ Նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։