Հարցազրույց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոյի հետ

Aliq Media Armenia-ի հարցազրույցը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Օլեքսանդր Բոժկոյի հետ։
Օլեքսանդր, պատերազմը ստիպում է, որ բոլորովին այլ աչքերով նայենք զարգացումներին։ Ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը շատ է փոխվել։ Նկատած կլինես՝ քվեարկությունները միջազգային կառույցներում, Հայաստանում ի պաշտպանություն Ուկրաինայի միջոցառումներ են կազմակերպվում, բայց Ուկրաինայում Հայաստանի նկատմամբ էական փոփոխություն, ուկրաինական լրահոսից դատելով, չի նկատվում։ Տպավորություն է, թե շարունակում են Հայաստանը դիտարկել այնպես, ինչպես դիտարկում էին մինչեւ պատերազմը։

Որպեսզի ճիշտ ըմբռնենք եւ ճիշտ գնահատենք մեր ներկա փոխհարաբերությունները, հարկավոր է հետհայացք գցել մեր ոչ հեռու անցյալին: Դեռ 1990-ից, երբ Հայաստանը եւ Ուկրաինան հռչակեցին, որ այլեւս անկախ պետություններ են լինելու, մենք ընտրեցինք տարբեր ճանապարհներ։ Ուկրաինան անմիջապես հայտարարեց, որ իրեն տեսնում է եվրոպական ընտանիքի կազմում, իսկ Հայաստանը, ջանալով չզայրացնել Ռուսաստանին, նման միանշանակ հայտարարություն չարեց։

1993-ից ես աշխատում էի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում, գլխավորում էի ամենամեծ՝ ԱՊՀ երկրների վարչությունը, որը պատասխանատու էր Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների կապերի համար։ Մեր արտաքին քաղաքականությունը մշակելիս մենք, իհարկե, գիտակցում էինք Ռուսաստանի չափազանց մեծ դերը, հասկանում էինք, որ Ռուսաստանից շատ բան է կախված։ Այդ պատճառով էլ մեր վարչությունը մշտապես եղել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպումներ էին լինում Մինսկում, Մոսկվայում, Ռուսաստանն անընդհատ առաջարկում էր իբր մեր առջեւ ծառացած տնտեսական խնդիրներն ավելի հեշտ լուծելու նպատակով միացնել մեր ուժերը, մշակել ընդհանուր օրենսդրություն, անգամ ունենալ ընդհանուր անձնագիր, քաղաքացիություն եւ այլն։ Մեզ համար պարզ էր, որ Ռուսաստանին հուզում են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիրները։ Ռուսաստանը ձգտում էր ստեղծելու Խորհրդային Միության նոր տարբերակ, որտեղ ինքը հեգեմոն դեր էր ունենալու։

Մեր առաջին գործը դրան հակազդելն էր։ ԱԳ նախարարն իմ առջեւ հենց այդ հստակ խնդիրն էր դրել։ Ի տարբերություն Հայաստանի՝ մենք ԱՊՀ-ի ստեղծման փաստաթղթերը չստորագրեցինք, ԱՊՀ անդամ չդարձանք։ Մենք այնտեղ, կարելի է ասել, որպես դիտորդ էինք։ Դա հեշտ չէր։ Կար Ռուսաստանի հսկայական ճնշումը, ինչպես նաեւ բավականին շատ էին ռուսամետները հենց Ուկրաինայում։ Արտգործնախարարության նման մոտեցումը մեր ազգային հիմնական շահերից էր բխում, եւ մենք, թեեւ դժվարությամբ, բայց կարողացանք դա իրականացնել։ Իսկ Հայաստանը մնաց ռուսական ազդեցության ոլորտում։

Մեր երկրները, ցավոք, դեռ 1990-ականներից են տարբեր ճանապարհներով քայլել։

Այո՛, այդ շրջանից։ Հայերը մտածում էին, թե կկարողանան խուսանավել, կկարողանան անցնել անձրեւի կաթիլների արանքով ու չթրջվել։ Մտածում էին, թե կարողանալու են խաբել ռուսներին, ստանալ տնտեսական աջակցություն, վերցնել նրանցից այն, ինչ պետք է, եւ պահպանել միաժամանակ ե՛ւ անկախությունը, ե՛ւ Արցախը։ Բայց ստացվեց այնպես, ինչպես պետք է լիներ՝ Հայաստանը սկսեց ենթարկվել Ռուսաստանի թելադրանքներին։

Ի սկզբանե մենք ուզում էինք տեսնել Հայաստանը որպես մեզ գործընկեր երկիր։ Հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելուն եւ օգնելուն միշտ պատրաստ ենք եղել։ Հիշո՞ւմ ես, այն տարիներին Հայաստանը շրջափակման մեջ էր, կտրված էր արտաքին աշխարհից, երկաթուղային ճանապարհները չէին գործում։ 1993-ին հայ-ուկրաինական տնտեսական կապերի վերաբերյալ քննարկումներից մեկի ժամանակ հայկական կողմն առաջարկեց, որ Ուկրաինան դեպի Փոթի նավահանգիստ լաստանավային կապ կազմակերպի։ Դա շատ կարեւոր էր Հայաստանի համար։ Վրաստանն այստեղ խոսքի իրավունք ուներ, բայց համաձայնություն տալուն, թվում էր, հակված չէր։ 1995-ին նախապատրաստվում էր Ուկրաինայի նախագահ Կուչմայի այցը Վրաստան։ Մեր վարչությունը պատրաստեց առաջարկ, որ նախագահների մակարդակով այդ հարցը լուծվի։ Կուչման այդ թեմայով հեռախոսային զրույց ունեցավ Շեւարդնաձեի հետ եւ ստացավ նրա նախնական համաձայնությունը։ Ես Վրաստան մեկնած պատվիրակության կազմում էի։ Վրաց-ուկրաինական բանակցությունների վերջում մենք ստորագրեցինք այդ համաձայնությունը, որն Օդեսայից Փոթի ճանապարհ էր բացում: Ինչ խոսք, դա օգտակար էր Ուկրաինային, բայց Հայաստանի համար կյանքի ճանապարհ էր։

«Նաիրիտ» գործարանի համար, որը հումք չունենալու պատճառով չէր աշխատում, մենք կազմակերպեցինք, որ Օդեսայից մոտ 60 ցիստեռն հումք հասնի Հայաստան, ինչի արդյունքում գործարանը երկար դադարից հետո սկսեց աշխատել։ Մեր այդ ակտիվությունը, սակայն, ռուսներին դուր չէր գալիս։ Նրանք մեզ Հարավային Կովկասում որպես մրցակցի էին դիտարկում: Դա զգացվում էր ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ տեղեկատվական ոլորտներում: Հայաստանի ռուսալեզու մամուլը, որ Ռուսաստանի ազդեցության տակ էր, ցանկացած պատրվակով մեզ քննադատության թիրախ էր դարձնում։

Հաջորդ օրինակը Վանաձորի քիմիական կոմբինատին է վերաբերում։ Այն նույնպես չէր աշխատում: Հայաստանի արտգործնախարարության տնտեսական վարչության հետ քննարկումների ժամանակ խնդրեցին մեզ, որ գործարկելու համար համապատասխան մասնագետներ առաջարկենք։ Մենք Բելոցերկովայից, որտեղ մեծ քիմկոմբինատ կա, մասնագետների հրավիրեցինք, որոնք, ունենալով համապատասխան փորձ եւ միջոցներ, կազմակերպեցին այդ աշխատանքները։ Ժամանակ անց Վանաձորում կարբիտի գիծն արդեն աշխատում էր։

Ավելի ուշ ինձ են դիմում ուկրաինացի գործարարները եւ տեղեկացնում, թե հայերը ռուսներ են բերել ու իրենց դուրս են անում գործարանից։ Չէին ցանկանում անգամ նրանց ներդրած գումարները վերադարձնել։

Ես՝ որպես Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան, գումարը վերադարձնելու նպատակով խորհրդականիս հետ գնում եմ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար տխրահռչակ Արմեն Գեւորգյանի մոտ, որն այն ժամանակ ամենազոր մարդ էր Հայաստանում։ Շատ կոշտ խոսակցություն ենք ունենում։ Բացատրում եմ, որ վատ են վարվել ուկրաինացիների հետ, որ հրավիրել են նրանց, նրանք ներդրումներ են կատարել, աշխատանքներ են կազմակերպել, իսկ հիմա ոչ միայն դուրս են շպրտում, այլեւ ներդրած գումարներն են փորձում յուրացնել։ Հսկայական ջանքեր գործադրելուց հետո միայն կարողացանք գոնե գումարը հետ ստանալ։

Շատ ցայտուն օրինակ է նաեւ Իրան-Վրաստան գազամուղը։ Դա պետք է Հայաստանով անցներ։ Այն Հայաստանը տրանզիտային երկիր էր դարձնում։ Շատ հետաքրքիր նախագիծ էր։ Ուկրաինական կողմն այդ նախագծով շահագրգռված էր։ Մենք գրավոր տեղեկացրել էինք, որ կարող ենք մասնակցել դրա իրականացմանը։ Ուկրաինայի Սումի քաղաքի Ֆրունզեի անվան հայտնի գործարանը գազամուղների համար անհրաժեշտ սարքավորումներ է արտադրում։ Ես գործարանի ղեկավարությանը Հայաստան եմ հրավիրում։ Դիմավորում ու տանում եմ նրանց Սեւան, որտեղ հանգստանում էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպեցինք, քննարկեցինք։ Մենք ոգեւորված էինք։ Դա շատ օգտակար ծրագիր էր։ Իհարկե, առաջին հերթին Հայաստանի համար, բայց նաեւ Ուկրաինան էր օգտվելու։ Կային, սակայն, ուժեր, որոնց համար նման հեռանկարը ցանկալի չէր։

Մի գեղեցիկ օր ինձ զանգահարում են նախագահի նստավայրից եւ զրույցի են հրավիրում։ Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրելով բացատրում է, որ մեր նախնական պայմանավորվածությունները չեն կայանալու, որովհետեւ կան պատճառներ։ «Դուք հավանաբար հասկանում եք, թե ինչ պատճառների մասին է խոսքը»,- ասում է նա։ Մի խոսքով՝ մենք փակում ենք մեր այնքան խոստումնալից ծրագիրը։ Հիմա արդեն բոլորը գիտեն, որ այդ գազամուղը, ավելի փոքր տրամագծով, կառուցել է Ռուսաստանը, եւ այն հայկական չէ։

Ինչո՞ւ եմ բերում այս օրինակները։ Ցույց տալու համար, թե Ուկրաինան որքան բարեկամական է եղել տրամադրված դեպի Հայաստանը։ Ամեն ինչ անում էինք, որ մեր տնտեսական կապերն ամրապնդվեն, որ լինեն փոխշահավետ հարաբերություններ, բայց միշտ ամենավերջին պահին Հայաստանի համար ռուսական թելադրանքը վճռական է եղել։ Փաստորեն, դուրս են մղել Ուկրաինային Հայաստանից։ Մենք, իհարկե, հեշտ չենք հանձնվել, ձգտում էինք պահպանելու մեր դիրքերը, բայց ուժերն անհավասար են եղել։

Մեր փոխհարաբերությունների համատեքստում նշանակալի է 2013 թվականը, երբ Հայաստանի հետ միաժամանակ պետք է եվրոասոցացման պայմանագիրը ստորագրվեր։ Հայաստանի իշխանությունները վերջին պահին հրաժարվեցին եվրոպացիների հետ նախապես պայմանավորված փաստաթուղթը ստորագրելուց։ Ուկրաինայում իշխանությունների նման քայլը հեղափոխության հանգեցրեց, որին հաջորդեց 2014-ի ռուսական ագրեսիան, Ղրիմի եւ Ուկրաինայի արեւելյան շրջանների մի մասի անեքսիան։

Այդ ժամանակ ես արդեն Ուկրաինայի ԱԳՆ-ում չէի աշխատում, բայց եկա Հայաստան, որ Ուկրաինայում ընթացող զարգացումների մասին ճշմարտությունն ասեմ։ Հայաստանն ամբողջությամբ ռուսական քարոզչության տիրույթում էր։ Այսօր էլ այս բնագավառում շատ բան չի փոխվել։ Ռուսական ալիքները ազատորեն հեռարձակվում են ու հայաստանցիների ուղեղների լվացմամբ են զբաղվում։ Այդ օրերին, հիշում եմ, «Կենտրոն» հեռուստատեսությունում կլոր սեղանի մասնակցեցի։ Ընդդիմախոսս պրոռուսական տեսակետներ էր հնչեցնում։ Իմ չափազանց մատչելի փաստարկները, որ չի կարելի ուժով մտնել մեկի տուն, վռնդել այնտեղից տիրոջը եւ հայտարարել, թե իմն է տունը, դահլիճում լայն արձագանք չգտան։

Չի կարելի մոռացության տալ նաեւ 2014-ից հետո միջազգային հարթակներում Հայաստանի քվեարկությունները, որոնք Ուկրաինայի դեմ էին եւ ռուսական ագրեսիան էին արդարացնում։ Հայաստանը միջազգային հարթակներում իր քվեարկությամբ, փաստորեն, հարցականի տակ էր դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Հարց է ծագում՝ այդ դեպքում ե՛ւ պաշտոնական Կիեւը, ե՛ւ ուկրաինացիները ի՞նչ վերաբերմունք պետք է ունենային Հայաստանի նկատմամբ։

Հայաստանի միանշանակ կախվածությունը Ռուսաստանից հանգեցրեց նրան, որ մեր ճանապարհները բաժանվեցին։ Դե, քաղաքական տեսակետից մեր ճանապարհներն ի սկզբանե տարբեր են եղել՝ մենք գնում էինք դեպի Եվրամիություն, իսկ Հայաստանը վճռել էր մնալ Ռուսաստանի հետ, իսկ երբ գումարվեց տնտեսական բաղադրիչը, հեռացանք ավելի։ Սրանով է բացատրվում այն անհասկացողությունը, որ կա այսօր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ։

Իսկ այսօրվա մասին ի՞նչ կասես։ Ահագին բան է փոխվել։ Օրինակ՝ Հայաստանն Ուկրաինայի դեմ արդեն չի քվեարկում։

Այն, որ հիմա՝ ռուսական այս լայնածավալ ագրեսիայից հետո, Հայաստանը ձեռնպահ է մնում Ուկրաինայի հետ կապված քվեարկություններում, մեզ համար, ինչ խոսք, գնահատելի է: Բայց համաձայնեք, որ Հայաստանի ներկայացուցիչները Ուկրաինայի համար չէ, որ այդպես են քվեարկում։ Դա առաջին հերթին Հայաստանի համար է, նրա ապագայի համար է։ Այս վիթխարի պայքարում, որն ընթանում է Ուկրաինայում, շատ առումներով նաեւ Հայաստանի ապագան է վճռվում։ Այնպես որ պետք չէ այդ քվեարկությունները որպես մեծ լավություն ներկայացնել եւ փորձել թանկ վաճառել Ուկրաինայի վրա։

Գուցե ես կոշտ եմ արտահայտվում, բայց ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան։ Ինձ էլ Հայաստանին ուղղված նման կոշտությունը դուր չի գալիս, երբ ուկրաինական միջավայրում ինքս եմ դրանք լսում։ Ես հայագետ եմ, հայասեր եմ, երբեք չեմ թաքցրել իմ այս դիրքորոշումը, բարձրաձայն, ազատ խոսել ու խոսում եմ այդ մասին, հատկապես ուկրաինական միջավայրում կամ ուկրաինական մամուլի միջոցներով։ Բայց հայկական միջավայրում այս կոշտությունը, երեւի, պետք է հնչի։

Ես՝ որպես երկար տարիների դիվանագետ, գիտեմ, թե ինչպիսին պետք է լինեին, ինչպիսին կարող էին լինել մեր երկրների հարաբերությունները, գիտեմ նաեւ, թե ովքեր են մեղավոր, որ այսօր ունենք այս վիճակը։

Այսօր Ուկրաինային Հայաստանում բոլորովին այլ կերպ են ընկալում։ Դու փոփոխություններ բոլորովի՞ն չես տեսնում։

Ես, իհարկե, տեսնում եմ դրական քայլեր։ Գիտեմ, որ հիմա Հայաստանում շատացել են մարդիկ, որոնք գիտակցում են իրողությունը։ Մեզ համար այս ծանրագույն վիճակում շատ կարեւոր է բարոյական աջակցությունը։

Պետք է հաշվի առնել նաեւ, որ Ուկրաինայում հայկական մեծ, շատ ակտիվ, ուժեղ եւ ազդեցիկ համայնք կա։ Ես հպարտանում եմ Ուկրաինայի հայկական համայնքով։ Նրանք այսօր իրենց ունեցած բոլոր միջոցներով լծված են Ուկրաինայի պաշտպանության գործին։ Նրանցից շատերը ռազմաճակատում են, ոմանք կամավորներ են։ Շատ մեծ գործ են անում։ Իմ վաղեմի բարեկամ Սուրեն Ավագյանն, օրինակ, հիմա Բախմուտի հոսպիտալում է աշխատում։ Հովակիմը, որ հայկական համայնքի պատասխանատու քարտուղարն է, կամավորների խմբեր է կազմակերպում, որոնք ռազմաճակատին են օգնում: Ես տեսնում եմ հայ երիտասարդներին, թե ինչ ոգեւորությամբ են լցված, թե որքան պատրաստակամ են, եւ ուրախանում եմ նրանցով։ Ես տեսնում եմ՝ ինչպես է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր ուժերի չափով ջանում փոխել դրությունը դեպի լավը: Եվ ես հավատում եմ, որ նրանց նման մարդկանց ջանքերի շնորհիվ, բոլոր նրանց շնորհիվ, ովքեր մտահոգված են Հայաստանի եւ Ուկրաինայի ճակատագրով, հայ-ուկրաինական հարաբերությունների ապագան ավելի լավն է լինելու։