Արդեն 15 օր հացադուլ հայտարարած հանքագործ Տարիել Միքացաձեի առողջական վիճակը վատացել է։ Այս տեղեկությունը տարածել է հանքագործներից մեկը։
Նրա խոսքով՝ Տարիել Միքացաձեն հրաժարվում է բժշկական օգնությունից։
«Այսօր բողոքի ակցիայի 126-րդ օրն է, հացադուլի 15-րդ օրը։ Հացադուլավորներից մեկը՝ Տարիել Միքացաձեն, վատացավ։ Նա չէր ուզում շտապօգնություն կանչել, բայց ես զանգահարեցի առանց իրեն հարցնելու։ Երբ նրանք եկան, նա պարզապես հրաժարվեց բոլոր տեսակի ստուգումներից, հետազոտություններից և առողջական մոնիթորինգից։ Նա նույնիսկ թույլ չտվեց արյան ճնշումը ստուգել և պնդեց, որ մինչև իր ընկերները ազատ չարձակվեն, ինքը չի փոխի որոշումը», — պատմել է հանքագործը։
Հիշեցնենք, որ Ճիաթուրայում հանքագործների բողոքի ակցիան շարունակվում է։ Այս պահին յոթ հանքագործ հացադուլ է անում։ Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը ձերբակալված հանքագործների ազատ արձակումն է։