«Լելո»-«Գախարիա» համատեղ հուշագիրը քննարկման առիթ. կարծիքներ

Օրեր առաջ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը և «Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան ստորագրեցին համագործակցության հուշագիր ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Իրակլի Կուպրաձեն և Բերդիա Սիճինավան։

«Մենք հայտարարում ենք համաձայնագրի նախնական սկզբունքները, որոնք ենթադրում են մեր քաղաքական միավորումների համակարգում և համագործակցություն 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որը պետք է դառնա կարևոր լրացուցիչ ուղի դիմադրության շարժման ընդլայնման, բողոքի լայնածավալ աշխարհագրական տարածման և մեր ժողովրդի ընդհանուր պայքարի գործում։ Մեր քաղաքական միավորումները համաձայն են, որ խորհրդակցությունների արդյունքում և հանրային կոնսենսուսի հիման վրա մենք կընտրենք ընդհանուր, կուսակցականորեն չեզոք քաղաքապետի և մեծամասնական պատգամավորի թեկնածուներ և/կամ կհամաձայնեցնենք այնպիսի կուսակցական թեկնածուների, որոնց լիովին կաջակցենք մեր քաղաքական և ընտրական համատեղ ռեսուրսներով՝ այդպիսով բացառելով միմյանց հետ նախընտրական մրցակցությունը», — նշված է հուշագրում։

«Լելո»-ն և «Գախարիան Վրաստանի համար»-ը իրենց պատրաստակամությունն են հայտնել համագործակցել բոլոր քաղաքական և հասարակական միավորումների և շարժումների, բողոքի ակցիային մասնակցող ակտիվիստների և անհատների հետ՝ հիմնվելով հուշագրում նշված սկզբունքների վրա։

Վրաստանյան հասարակությունը, փորձագետները և քաղաքագետները տարբեր կերպ են գնահատում հուշագրի ստորագրումը և ՏԻՄ ընտրություններին վերոնշյալ կուսակցությունների մասնակցելու որոշումը:

«Ուժեղ Վրաստան»-ի ձերբակալված և այժմ անազատության մեջ գտնվող առաջնորդ Մամուկա Խազարաձեն բանտից ուղարկված նամակում գրել է, որ ողջունում է երկու թիմերի միջև համատեղ հուշագրի ստորագրումը.

«3 ամսից մեզ շրջադարձային շրջան է սպասվում, ուստի կարևոր է ընդդիմադիր ընտրողներին չթողնել առանց ընտրությունների և չնպաստել «Վրացական երազանք»-ի կողմից յուրաքանչյուր քաղաքում կամ տարածաշրջանում տեղական ներկայացուցչության հեշտությամբ զավթմանը, քանի որ սա մեր վերջնական հաղթանակի կարևոր հենասյուն և ցատկահարթակ կլինի։
Մենք չպետք է լծակը խլենք վրաց ժողովրդի ձեռքից։ Բոյկոտը կնպաստի «Վրացական երազանք»-ի կամ ռուսական իշխանության ամրապնդմանը տեղական մակարդակում։ Ժողովուրդը և հատկապես ընդդիմադիր ընտրողները պաշտպանության կարիք ունեն բոլոր մակարդակներում. սա լրացուցիչ մարտադաշտ է՝ չնայած անհավասար իրավիճակին»,- գրել է Խազարաձեն:

Հուշագրի ստորագրմանը բացասական է արձագանքել «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Էլենե Խոշտարիան:

«Ես իսկապես կցանկանայի խնդրել «Լելո» և «Գախարիա» կուսակցությունների անդամներին միացնել հեռուստացույցը, նայել իրականությանը և ինքնուրույն գնահատել, թե որքանով են իրենք ադեկվատ, որքանով են լուրջ և որքանով չեն ամաչում այն փաստից, որ մի համակարգում, որտեղ մարդկանց բանտարկում են, դիմում են ամեն տեսակի անզսպության, մի համակարգում, որտեղ վիզայի ազատականացումը կարող է դադարեցվել ցանկացած օր, մի համակարգում, որտեղ չկա օրենք, ոչ մի մարդկային կանոն, ի՞նչ հուշագիր են նրանք ստորագրում»,- գրել է Խոշտարիան:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ևս փորձագետները տարբեր կարծիքներ հայտնեցին։ «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ընդգծեց` ավելի լավ կլիներ, որ ընդդիմությունը միասնական ռազմավարություն մշակեր՝ կամ միասին մասնակցել, կամ հրաժարվել։

«Այս անփութությունը առաջին հերթին վնասում է ընդդիմությանը, և նրանք շուտով կստանան դրա հետևանքները։ Եվ ոչ` լավ հետևանքներ։ Այս որոշումներն արդեն նպաստում են բաժանմանը և մասնատմանը»,- ընդգծեց հանրային նախկին պաշտպանը։

Փաստաբանների ասոցիացիայի անդամ Դավիթ Մժավանաձեն կուսակցությունների կնքած հուշագրի վերաբերյալ Ֆեյսբուքում գրել է.

«Լելոյի և Գախարիայի հուշագիրը ոչ այլ ինչ է, քան քաղաքականության մեջ անսկզբունքայնության և անհամարժեքության դրսևորում»։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Գիորգի Բուտիկաշվիլիի խոսքով` կուսակցությունները շատ մեծ սխալ են թույլ տվել` ճակատագրական թե՛ պայքարի, թե՛ իրենց սեփական կուսակցությունների համար։

Մինչ այդ, երբ անցյալ շաբաթ «Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, կարծիքները կրկին տարբեր էին։ Հայտարարությունից հետո կոալիցիայի որոշ անդամներ լքեցին իրենց պաշտոնները։ Կոալիցիայի քաղաքական խորհուրդը և գործադիր քարտուղարի պաշտոնը լքել է Դեա Մետրևելին, իսկ մինչ այդ Սաբա Բուաձեն ևս լքել է կոալիցիայի քաղաքական խորհուրդը և Թբիլիսիի կազմակերպության նախագահի պաշտոնը։

Այդ նույն օրերին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին դրական էր գնահատել վերոնշյալ որոշումը։

Կոնֆլիկտաբանն ընդգծել էր, որ ինչպես ինքն է կարծում` այդ քայլը կարևոր է ժողովրդավարության համար։

Ավելին կարդացեք ստորև`

«Լելո — Ուժեղ Վրաստան»-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշումը կուսակցության պառակտման է տանում. արձագանքներ