Խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև. արձագանքներ Վրաստանից

Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեցին խաղաղության համաձայնագիր՝ ուղղված Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: 

Փաստաթղթում ամրագրված դրույթները և դրանց շուրջ Վրաստանյան փորձագետների և քաղաքագետների արձագանքները ձևավորում են տարածաշրջանային հարաբերությունների զարգացման նոր փուլը, որի ազդեցությունը կարող է զգալի լինել նաև Վրաստանի համար:

Վրաստանյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները խաղաղության համաձայնագիրը գնահատում են որպես տարածաշրջանում նոր հնարավորությունների բացում՝ ընդգծելով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակությունը։ Նրանց կարծիքով, ամերիկյան միջնորդությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և նպաստել խաղաղությանը, ազատ տեղաշարժին ու ներդրումային հոսքերի աճին։ Միաժամանակ, որոշ փորձագետներ զգուշացնում են, որ Վրաստանը կարող է դուրս մնալ գործընթացներից, եթե չկարողանա ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային նախագծերում:

Ինչի մասին է խոսքը

Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին ստորագրեցին երկարատև խաղաղության համաձայնագիր, որը ենթադրում է նաև տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Համաձայնագրի միջնորդը Միացյալ Նահանգներն էր, որը ստացավ Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքը զարգացնելու իրավունքը։

Մի քանի օր անց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հրապարակել են խաղաղության համաձայնագրի ստորագրված տեքստը։ Հրապարակման համաձայն՝ համաձայնագիրը բաղկացած է 17 հոդվածից։

Փաստաթղթով Հայաստանը և Ադրբեջանը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, նաև միմյանց դեմ ուժի կիրառումից։ Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարում։ Սահմանազատումը կիրականացվի մեկ այլ համաձայնագրի հիման վրա։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են հետ վերցնել միջազգային դատարաններում միմյանց դեմ ներկայացված դատական հայցերը, նաև պլանավորում են ստեղծել համատեղ հանձնաժողով՝ խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ Կովկասում սկսվում է վճռորոշ փուլ, որը կարող է լինել տարածաշրջանում նոր դարաշրջանի սկիզբ։

Նանուաշվիլիի կարծիքով` Վրաստանի համար ևս կենսական է տարածաշրջանի ապամեկուսացումը, որտեղ տասնամյակներով միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել ապրել գրեթե պատերազմական պայմաններում։

«Վրաստանը շարունակում է մնալ կարևոր աշխարհաքաղաքական խաչմերուկում, իսկ Ամերիկայի և ընդհանրապես Արևմուտքի ներգրավվածությունը գործընթացներում կնպաստի կայունությանը, ժողովրդավարական զարգացմանը և տնտեսական առաջընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունը, ազատ տեղաշարժը և տնտեսական կապերի վերականգնումը, բնականաբար, դրական ազդեցություն կունենան նաև Վրաստանի վրա»,- ընդգծեց հանրային նախկին պաշտպանը, հավելելով՝ բնականաբար, արևմտյան ներդրումների ավելի շատ հոսքը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս  ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը։

«Ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի հաջողություն է։ Վրացիները գիտեն խաղաղության և անկախության արժեքը և գնահատում են այս մեծ նվաճումը՝ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի կողմից դրան խոչընդոտելուց հետո», — դիմել է Զուրաբիշվիլին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդներին X սոցիալական ցանցում։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասում կայունության և զարգացման նոր դարաշրջան է բացում, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և աշխարհի համար։ Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին այս հաջողության՝ պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի մեկնարկի կապակցությամբ։ Վրաստանը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը և կշարունակի աջակցել», — գրել է Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով, դժվար է ճշգրիտ ասել, թե այս իրադարձությունն ինչ քաղաքական հետևանքներ կունենա Վրաստանի ներքին ճգնաժամի վրա.

«Իհարկե, ես ուրախ եմ մեր հարևանությամբ տեղի ունեցողի համար, սա կարևոր քաղաքական շրջադարձ է երկրների միջև հարաբերություններում և, պրագմատիկ առումով, մեր տարածաշրջանում Ռուսաստանի շահերի նվազման համար։ Վստահ եմ, որ այս գործընթացները նույնպես կազդեն մեզ վրա։ Ամերիկայի տնտեսական հետաքրքրությունը Հարավային Կովկասում չի կարող սահմանափակվել Զանգեզուրի միջանցքով, մինչդեռ ավելի մեծ միջանցքն անցնում է Վրաստանով։ (Դժվար է ճշգրիտ ասել, թե այս հետաքրքրությունն ինչ քաղաքական հետևանքներ կունենա մեր ներքին ճգնաժամի վրա)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքելաձեն:

Ըստ Միքելաձեի՝ այս մոդելում հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական տրամաբանությունը տնտեսական օգուտներ ստանալն է, և ամենաազդեցիկ գործողը կարողանում է ստանալ առավելագույն օգուտներ, ուստի, ինչպես Միքելաձեն է նշում՝ «հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, և մենք չենք կարող ասել, որ այդ փոփոխություններն առաջադեմ են»:

Մեկ այլ վրացի քաղաքագետ, Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար Գիորգի Մելաշվիլին կարծում է, որ Միացյալ Նահանգները լիովին հեռացրել է Ռուսաստանին Հարավային Կովկասից և ստեղծել Արևելք-Արևմուտք միջանցքի հարավային մասն առանց նրա.

«Կովկասում աշխարհաքաղաքական առաջընթաց է տեղի ունեցել՝ առանց Ռուսաստանի և Ռուսաստանի հաշվին։
Այս պահին որքան ողբերգական է, որ Վրաստանը լիովին դուրս է մնացել խաղից. «Վրացական երազանք»-ի ռազմավարությունը ոչ միայն մեկուսացրել է երկիրը, այլև լիովին անջատել է Կովկասի և Եվրամիության ընդհանուր աշխարհաքաղաքական նախագծից և մեզ թողել տնտեսական դատարկության առջև»,- գրել է Մելաշվիլին:

Այս թեմային առնչվող այլ նյութեր կարդացեք ստորև։

Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը

Վրաստանը ողջունում է այս պատմական պահը ՀՀ-ի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար. Կոբախիձե

Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը