Վրաստանի դատախազության միջնորդությամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը սառեցրել է 7 ՀԿ-ների բանկային հաշիվները։ Այս վճիռն ակտիվ քննարկման առիթ է դարձել. հասարակության, փորձագետների և միջազգային հանրության մեծ մասը դատապարտել է որոշումը։
Սառեցվել են հետևյալ կազմակերպությունների հաշիվները.
- Քաղաքացիական հասարակության հիմնադրամ
- ISFED
- IDFI
- GDI
- «Ժողովրդավարության պաշտպաններ»
- «Սափարի»
- «Սոցիալական արդարադատության կենտրոն»
Ինչի մասին է խոսքը
Դատախազությունը հայտարարել է, որ առգրավումը տեղի է ունեցել «Միացյալ չեզոք Վրաստան» շարժման ներկայացուցիչներից մեկի` Վատո Շաքարիշվիլիի դիմումի հիման վրա իրենց սկսած քրեական հետաքննության շրջանակներում` «սաբոտաժ»։
Ըստ դատախազության՝ այս կազմակերպությունների կատարած հանցագործությունն այն է, որ նրանց «նպատակային միջոցներն օգտագործվել են այնպիսի սարքավորումներ գնելու համար, ինչպիսիք են հատուկ գազային դիմակները, պաշտպանիչ ակնոցները, դիմակները, դեմքի ծածկոցները, պղպեղի սփրեյը և այլ միջոցներ, որոնք ակտիվորեն օգտագործել են ցուցարարները ոստիկանության հետ բռնի բախումների ժամանակ»։
Այս որոշումից հետո բազմաթիվ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ և տարբեր ոլորտի անձինք արձագանքեցին ՀԿ-ների հաշիվների սառեցման վճռին` դատապարտելով դատախազության որոշումը։
Վրացական ՀԿ-ները, որոնց հաշիվները սառեցվել էին դատախազության պահանջով, հայտարարել են, որ չնայած սահմանափակմանը` կշարունակեն իրենց գործունեությունը։
7 ՀԿ-ները համատեղ հայտարարություն են տարածել.
«Վրաց ժողովրդի թշնամիները ցանկանում են, որ մենք այլևս չկարողանանք պաշտպանել երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ուսանողների, անօրինական կերպով կալանավորվածների, աշխատողների և տարեցների իրավունքները, այլևս չհետաքննենք և չհաղորդենք անարդարության, կոռուպցիայի, խոշտանգումների և համակարգային բռնության մասին, այլևս չպաշտպանենք նրանց Ստրասբուրգում և այլ միջազգային դատարաններում։ Նրանք ցանկանում են ոչ միայն խափանել ապագա եվրոպական ինտեգրացիան, այլև զրկել վրաց ժողովրդին իրենց արդեն իսկ ձեռք բերած ամենամեծ բարիքից՝ առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքից»։
«Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ վրաց հասարակության դեմ հետապնդումները շարունակվում են, ինչն անօրինական է։
«Քաղաքացիական հասարակության հետապնդումները շարունակվում են, և ճնշումները դառնում են ավելի լայնածավալ։ Իհարկե, դա անօրինական է, և այս որոշումը պետք է բողոքարկվի ինչպես երկրի ներսում, այնպես էլ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում»,- նշեց հանրային նախկին պաշտպանը։
Նանուաշվիլին հավելեց, որ «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ» (DRI) կազմակերպությունը նույնպես խոր մտահոգություն է հայտնել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման վերաբերյալ, որի հիման վրա սառեցվել են մի քանի հայտնի ՀԿ-ների բանկային հաշիվները։
Մասնավորապես, ըստ DRI-ի, «այդ որոշումը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն վերոնշյալ կազմակերպությունների գործունեության և գոյության համար, այլև այն քաղաքացիների և խոցելի խմբերի, որոնց համար մեր աջակցությունն ու օգնությունը կենսական նշանակություն ունեն»։
Amnesty International միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դատապարտել է ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցումը՝ որպես մարդու իրավունքների խախտում։
«Անկախ ՀԿ-ներին դիվերսանտներ անվանելով՝ կառավարությունը խոչընդոտում է նրանց աշխատանքը և սարսափեցնող ուղերձ է հղում երկրում մարդու իրավունքները պաշտպանող այլ կազմակերպությունների։
Մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելով՝ Վրաստանի կառավարությունն ինքն է խախտում մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների դեմ պայքարը պետք է դադարեցվի», — ասված է հայտարարության մեջ։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով` իրենց առաջադրված մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ հիմնավորման կարիք չունի։ Նա հավելել է, որ կազմակերպությունն ավելի ուշ մանրամասն կանդրադառնա դրան։
«Այդ որոշումը նաև գործնականում նշանակում է կազմակերպությունների ինստիտուցիոնալ և ֆինանսական կաթվածահարություն։
«Վրացական երազանք»-ը ցանկանում է, որ մենք դադարեցնենք քաղաքացիներին և սոցիալական խմբերին աջակցել. այլևս չբացահայտենք իրենց հանցագործությունները, անարդարությունը և չնպաստենք համերաշխությանը հասարակության շրջանում»,- գրել է Միքելաձեն։
Միքելաձեի դիտարկմամբ` վիզաների ազատականացման հարցի վերջնաժամկետից (օգոստոսի 31-ից) ընդամենը մի քանի օր առաջ քաղաքացիական կազմակերպությունների ոչնչացման որոշումն առանձին մեծ հարց է. նրա խոսքով` դա «Վրացական երազանք»-ի կողմից Բրյուսելի հետ հարաբերությունների սրացում է և գործընթացի լիակատար սաբոտաժ։
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այսօր ՀԿ-ների հետ կատարվողը «հենց այն ռեպրեսիվ ռեժիմն է, որը մենք ավելի վաղ տեսել ենք Ռուսաստանում»։
«Վրաստանը պետք է պաշտպանի իրեն, պետք է փրկի իր անկախությունը, սա մեր այսօրվա խնդիրն է, մենք պետք է պայքարենք բոլորս միասին` որպես հասարակություն։ Մենք այստեղ որևէ քաղաքական կուսակցության մասին չենք խոսում, մենք միասին ենք պայքարում դրա դեմ և պետք է միասին փրկենք մեր ապագան», — ասել է Զուրաբիշվիլին։
Վրացի քաղաքագետ, Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար Գիորգի Մելաշվիլիի կարծիքով, 7 ՀԿ-ների հաշիվների սառեցումը հենց այն ճնշումն է, որի մասին այսքան ժամանակ խոսվում և զգուշացվում է հանրությանը։
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք օրինականորեն պաշտպանում են քաղբանտարկյալներին, օգնում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ընտանիքներին, խրախուսում են բանտարկյալներին և փորձում մեղմել անմեղ մարդկանց տառապանքներն անարդարության պայմաններում, դատախազության կողմից հայտարարվել են հանցագործներ, և սկսել են նրանց հետապնդել։
Ռեժիմը փորձում է կոտրել վրացական հասարակությանը»,- ընդգծել է քաղաքագետը` հավելելով, որ բոլորի պարտականությունն է բարձրաձայնել և դիմադրել անարդարությանը, քանի որ այսօր վտանգված է ոչ միայն Վրաստանի եվրոպական ապագան, այլև Վրաստանն ընդհանրապես։
«Սափարի»-ն, որը կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այն ՀԿ-ներից մեկն է, որի հաշիվները ևս սառեցվել են, հայտարարել է, որ մեղադրանքներն անհիմն են ու զրպարտչական և վկայում են Վրաստանում ռուսական ոճի բռնաճնշումների ուժգնացման մասին։
«Սափարի»-ն նաև հայտարարել է, որ կշարունակի անվճար կամավորական օգնություն տրամադրել կանանց և անչափահասներին։
«Դատախազության տարածած տեղեկությունը, թե «Սափարի»-ի ֆինանսներն օգտագործվել են բռնի գործողություններ կազմակերպելու և սարքավորումներ գնելու համար, լիովին անհիմն է և զրպարտչական։ Մեր դեմ ոչ մի ապացույց չկա», — կարդում ենք կազմակերպության հայտարարության մեջ։
Քաղաքացիական հասարակության հիմնադրամի փաստաբան Սաբա Բրաճվելին վերոնշյալ հարցի մասին ֆեյսբուքում գրել է.
«Դատախազությունը հանցագործություն է համարել մեկ այլ անձի (հատկապես անարդարացիորեն կալանավորված անձի) իրավական պաշտպանության հարցում օգնելը, նրա ընտանիքին աջակցելը, իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը և ընդհանուր առմամբ կալանավորին խրախուսելը, և դրա պատճառով քաղաքացիական կազմակերպությունների վրա առգրավումներ է կիրառել»:
Վերոնշյալ 7 ՀԿ-ներին համերաշխություն է հայտնել ավելի քան 50 կազմակերպություն. կազմակերպությունները նշել են, որ այդ գործողությամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ «Վրացական երազանք»-ի շահերից չի բխում Եվրամիության հետ առանց վիզայի ճանապարհորդության պահպանումը։
Միջազգային արձագանքներ
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի անդամ, Սենատում MEGOBARI ACT-ի կողմնակից Ջին Շահինն արձագանքել է վրացական 7 ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցմանը:
X-ի իր էջի գրառման մեջ նա նշել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարության ձերբակալած ցուցարարներին իրավաբանական օգնություն ցուցաբերելը հանցագործություն չէ: Դա «պետության դեմ դիվերսիա» չէ»։
Շահինը նշել է, որ ինքն «աջակցում է վրաց ժողովրդին և քաղաքացիական հասարակության անդամներին, որոնք փորձում են պահպանել Վրաստանի ժողովրդավարությունը»:
Լիտվացի եվրախորհրդարանական Ռասա Յուկնևիչիենեի կարծիքով` «Վրացական երազանք»-ը խստացնում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ճնշումները:
«Եվրախորհրդարանը որոշել է, թե ինչպես պետք է ԵՄ-ն արձագանքի դրան: Մենք չենք կարող թույլ տալ, որ Վրաստանը մոռացվի»,- նշել է նա։
Շվեդ պատգամավոր Գուստաֆ Գյոթբերգը X-ում գրել է.
«Ժողովրդավարական շարժումը միտումնավոր ոչնչացնելու փորձի շրջանակներում սառեցվել են քաղաքացիական հասարակության 7 կազմակերպությունների բանկային հաշիվները։ Սա անընդունելի է, անարդար և ամոթալի։
Բոլորի ուշադրությունը Վրաստանին է ուղղված»։