Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հաշված օրեր են մնացել. ընդդիմության մի մասը խոսում է ընտրությունների միջոցով փոփոխությունների հնարավորության մասին, իսկ մի մասը՝ հոկտեմբերի 4-ի ընտրություններին զուգահեռ նախատեսված բոյկոտի և հանրահավաքի միջոցով իր նպատակին հասնելու մասին:
Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ին Վրաստանի խորհրդարանի առջև նախատեսվող ցույցի վերաբերյալ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի ղեկավար Գիորգի Թումասյանի հետ։
«Ցույցը կազմակերպված է մի շարք հասարակական գործիչների ջանքերով` առաջնորդությամբ Պաատա Բուրճուլաձեի: Ինչ վերաբերում է ցույցի մասշտաբին, բազմամարդ ցույց է նախատեսվում, կազմակերպիչներն այնտեղ սպասում են տասնյակ հազարավոր և նույնիսկ հարյուր հազարավոր մարդկանց:
Ցույցի նպատակը խաղաղ իշխանափոխությունն է` հեղափոխությունը: Ցույցի մասնակիցները պետք է մերժեն ներկայիս բռնապետական համակարգը: Սա ուղղված է նաև այդ օրվա ընտրությունների դեմ, որպեսզի չճանաչեն այդ ընտրությունները: Կարճ ասած` ռեժիմի ավարտն է գլխավոր նպատակը», — ասաց Գիորգի Թումասյանը:
«Ռուսթավելիի պողոտա» շարժումը» հայտարարել է հոկտեմբերի 4-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ժամը 16:00-ին հանրահավաք անցկացնելու մասին, հայտարարել է շարժման առաջնորդներից մեկը՝ Պաատա Բուրճուլաձեն։
Բուրճուլաձեն նշել է, որ դա պետք է լինի «Իվանիշվիլիի խաղաղ տապալման օրը»։
«Այս հայտարարությունն ուղղված չէ որևէ քաղաքական կուսակցության կամ քաղաքական գործչի։ Հետևաբար, ես դիմում եմ Նորին Մեծությանը` վրաց ժողովրդին։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին մենք կհավաքվենք Հանրապետության հրապարակում, կանցկացնենք ազգային ժողով, կվերադարձնենք ռեժիմի բռնագրաված երկիրը և կքվեարկենք Վրաստանի ազատագրման համար։ Մենք պետք է խլենք Իվանիշվիլիից անօրինական կերպով բռնագրավված իշխանությունը և վերադարձնենք ժողովրդին։
Հոկտեմբերի 4-ը պարզապես բողոքի օր չի լինելու, լինելու է պատմական հաղթանակի օր։ Հոկտեմբերի 4-ը հայտարարված է Իվանիշվիլիի խաղաղ տապալման օր։ Պատրաստվի՛ր, Վրաստան։ Պայքարի՛ր մինչև վերջ», — ասել է Պաատա Բուրճուլաձեն։
Ի դեպ, «Ռուսթավելիի պողոտա»-ն քաղաքական շարժում է, որը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների և ակտիվիստների։
Հատկանշական է, որ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հանրահավաքի դեպքում կկիրառվի ուժ` ցույցը ցրելու համար: