Թբիլիսիում «Վրաց-գերմանական բարեկամության երթ» է անցկացվել

Սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում  տեղի է ունեցել եվրոպամետ ցույցերի 305-րդ օրվա  շրջանակում կազմակերպված երթ՝ հաջակցություն Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի առաջնորդները հանդես եկան դեսպանի հասցեին սուր հայտարարություններով։

Ցուցարարները երախտագիտություն են հայտնել Գերմանիային և Գերմանիայի դեսպանին՝ Վրաստանի եվրոպամետ կուրսի շարունակական աջակցության համար։ Նրանց համոզմամբ՝  Պիտեր Ֆիշերի հասցեին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները ոչ միայն դեսպանի, այլև վրաց-գերմանական բարեկամության դեմ ուղղված հարձակում են։

«Գերմանիան Վրաստանի ամենաառանցքային գործընկերներից է։ Նրա ակտիվ աջակցությամբ մեր երկրում արդեն տարիներ շարունակ ընթանում են ինստիտուտների ամրապնդում, ենթակառուցվածքների զարգացում և երիտասարդների համար նոր ու բազմազան հնարավորությունների ստեղծում։

Գերմանիայի դեսպանը Վրաստանում այս գործընկերության խորհրդանիշն է։ Նրա բաց աջակցությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և եվրոպական ինտեգրմանը ներկայացնում է այն արժեքները, որոնք միավորում են Վրաստանն ու Գերմանիան», – նշել են կազմակերպիչները։

Հիշեցնենք, որ ցույցին նախորդել էր «Վրացական երազանք»-ի կառավարության կողմից դեսպան Ֆիշերին Վրաստանի արտգործնախարարություն կանչը։ Սեպտեմբերի 24-ին Գերմանիայի արտգործնախարարությունն այս փաստը խստորեն դատապարտեց։ Սա Գերմանիայի և նորանկախ Վրաստանի հարաբերությունների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Գերմանիայի դեսպանին արտգործնախարարություն են կանչում։