Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Հայտարարության մեջ նշված է, որ ընտրություններն «անցկացվել են սահմանափակ միջավայրում՝ «Վրացական երազանք»-ի քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ ինքնահռչակ պաշտոնյաների ամիսներ շարունակ իրականացրած ճնշումների պայմաններում»։
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են այն փաստը, որ «պաշտոնյաները փաստացի խոչընդոտել են ընտրություններին վստահելի դիտորդների մասնակցությանը»։
«Մենք դատապարտում ենք այն փաստը, որ պաշտոնյաները փաստացի խոչընդոտել են ընտրություններին վստահելի դիտորդների մասնակցությանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ուշացած հրավեր ուղարկելով և քաղաքացիական հասարակությանը տեղական կազմակերպություններին դիտարկումներ անցկացնելու հնարավորություն չտալով», — ասված է հայտարարության մեջ։
Նրանք նաև մտահոգություն են հայտնել «ընտրություններից հետո փողոցներում բռնի բախումների վերաբերյալ» և բոլորին հանգստության կոչ են արել։
«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին դադարեցնել ժողովրդավարության դեմ հարձակումները և հարգել հավաքների ու խոսքի ազատության հիմնարար իրավունքները, դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները և ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին։
Մենք նաև դատապարտում ենք Եվրամիության դեմ ավելի ու ավելի ուժգնացող ագրեսիվ արշավը, ներառյալ` հարձակումները ԵՄ և անդամ պետությունների դեսպանների, եվրոպացի քաղաքական գործիչների և առանձին անդամ պետությունների վրա», — ասված է հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Դեվիդ Մակլիստերը (ԵՄ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ), Մունիր Սատուրին (Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ), Սերգեյ Լագոդինսկին (Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ), Նիլս Ուշակովսը (Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ), Ռասա Յուկնևիչենեն (Եվրոպական խորհրդարանի Վրաստանի հարցերով մշտական զեկուցող)։