SJC-ն արձագանքել է ցուցարարների դեմ «Վրացական երազանք»-ի խստացրած օրենքներին

Սոցիալական արդարության կենտրոնն (SJC) արձագանքել է «Վրացական երազանք»-ի նախաձեռնած քրեական և վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխություններին, որոնց միջոցով էլ ավելի է խստանում օրենսդրությունը բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ:

Կազմակերպության գնահատմամբ՝ «ակնհայտ է, որ նախաձեռնած փոփոխությունները Թբիլիսիում և այլ քաղաքներում ևս մեկ քայլ են շարունակական բողոքի ճնշման նպատակով»:

SJC-ն ընդգծել է, որ մի քանի փուլով իրականացված ռեպրեսիվ օրենքի փոփոխություններից հետո՝ հերթական օրենսդրական նախաձեռնությունը հստակ ցույց է տալիս, որ «Վրացական երազանք»-ը բոլոր միջոցներով պայքարում է խաղաղ բողոքի արտահայտման դեմ:

«Հանցագործության կազմի ընդլայնումը հստակ ցույց է տալիս, որ իշխող թիմի նպատակն է պատժել ոչ միայն հավաքների կազմակերպիչներին և հատկապես ակտիվ մասնակիցներին, այլև բողոքի յուրաքանչյուր մասնակցի», — գրել է կազմակերպությունը։

Իրավապաշտպանների խոսքով, Վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքները և օրինական նպատակների փոխարեն ծառայում են իշխող թիմի քաղաքական շահերի իրականացմանը:

«Լիովին գերիշխված և կուսակցական օրակարգին ենթարկված պետական ինստիտուտների, առաջին հերթին՝ դատական իշխանության պայմաններում, որը չի կատարում իշխանությունների հավասարակշռման գործառույթը, ռեպրեսիվ օրենքներն էլ ավելի ծանր հետևանքներով են սպառնում բողոքի գործընթացներին ներգրավված քաղաքացիներին», — նշել են նրանք։