Երեկ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ելույթում մի քանի հիմնական թեմաների է անդրադարձել։
Նրա ելույթի հիմնական շեշտադրումները եղել են կրթության համակարգի մարտահրավերները և ապագա բարեփոխումները։
Բարձրագույն կրթության համակարգի աշխարհագրական գերխտացում
Նա նշել է, որ ուսանողների 85%-ից ավելին կրթություն է ստանում Թբիլիսիում, ինչը խնդրահարույց երևույթ է, այդ թվում՝ միգրացիայի տեսանկյունից։ Այս իրավիճակը հանգեցնում է երիտասարդների գերմիգրացիայի մարզերից մայրաքաղաք։ Մյուս խոշոր քաղաքները, ինչպիսիք են Քութաիսին և Ռուսթավին, ունեն անհարկի ծանրաբեռնված ակադեմիական ենթակառուցվածք։ Մարզային համալսարանների ռեսուրսները պահանջում են որակական բարելավում և ամրապնդում։
Ռեսուրսների իռացիոնալ օգտագործում և ուսուցման որակի անհավասարություն համալսարաններում
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանում կա 19 պետական և 45 մասնավոր համալսարան, որոնք տալիս են նույն կարգավիճակի դիպլոմներ, սակայն, ուսուցման որակի անհավասարության պատճառով, դիպլոմների որակը փաստացի անհավասար է։ Ըստ Կոբախիձեի, պետությունը պետք է ապահովի դիպլոմի բովանդակային որակական հավասարությունը։
Ըստ նրա՝ որոշ պետական համալսարաններ ավելի շատ կենտրոնացած են շահույթ ստանալու վրա՝ ներգրավելով օտարերկրյա ուսանողների, մինչդեռ նրանց հիմնական նպատակը պետական խնդիրների կատարումը և վրացի ուսանողների պատրաստումն է աշխատաշուկայի համար։ Նա առաջարկել է պահպանել այն սկզբունքը, որ բիզնեսով պետք է զբաղվի մասնավոր հատվածը, իսկ պետական խնդիրների կատարմամբ՝ պետական համալսարանները։
Անհամակարգ կադրային քաղաքականություն
«Այս ուղղությամբ լուրջ խնդիրներ կան, թեև երկիրը բավարար ռեսուրսներ ունի որակավորված կադրեր ներգրավելու համար։ Դասախոսների ֆունկցիաների բաշխումը հիմնված չէ որևէ համակարգված տրամաբանության վրա։ Տարածված է այն պրակտիկան, երբ համալսարաններում աշխատում են ոչ լրիվ դրույքով դասախոսներ, ինչն անմիջապես ազդում է ուսուցման և հետազոտության որակի վրա։ Դրանից բացի, պրոֆեսորադասախոսական կազմի միջին աշխատավարձը շատ ցածր է, ինչը դժվարացնում է նրանցից բարձրորակ ուսումնական ծրագրեր և դասագրքեր պահանջելը։ Բացը լրացնելու համար անհրաժեշտ է օտարերկրյա պրոֆեսորներ ներգրավել, հատկապես տեխնիկական ոլորտներում, սակայն ներկայումս դրա համար համակարգված մեխանիզմ չկա»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ որոշ վրաստանյան փորձագետների և կրթության ոլորտի մասնագետների, սա նպատակ ունի կրթական համակարգը լիովին դնելու «Վրացական երազանք»-ի վերահսկողության տակ։
Թույլ կապ բարձրագույն կրթության գերակայությունների և աշխատաշուկայի պահանջների միջև
Կոբախիձեն ասել է, որ վերլուծության համաձայն` շուկայի պահանջարկի և մասնագետների թվի միջև անհամապատասխանությունը հաճախ կրկնակի, եռակի, քառակի և նույնիսկ հնգակի է։
«Նախապես ոչ ոք չի ուսումնասիրում, թե քանի իրավաբան, տնտեսագետ, ինժեներ և այլն է անհրաժեշտ։ Քվոտաները բաշխվում են առանց խոր վերլուծության, ինչի հետևանքով շատ շրջանավարտներ, օրինակ՝ իրավաբանները կամ տնտեսագետները, ավարտելուց հետո աշխատում են բոլորովին այլ ոլորտում»։
Ֆինանսավորման անբավարար համակարգ
Կոբախիձեի կարծիքով, պետական ֆինանսավորումը պետք է կապված լինի կոնկրետ պետական նպատակների հետ, ինչը ներկայում բացակայում է։
Պետական համալսարանների անբավարար ենթակառուցվածք
«Մարտահրավեր է նաև պետական համալսարանների անբավարար ենթակառուցվածքը, ինչը պահանջում է պետական արձագանք։ Հիմնական խնդիրներից են հանրակացարանները, նաև մշակութային և մարզական ինքնաիրացման համար նախատեսված ենթակառուցվածքները, որոնց բացակայությունն առկա է բոլոր ուղղություններով»,- ասել է նա։
Կարող եք կարդալ նաև.
Բակալավրը կդառնա երեք տարի, մագիստրատուրան՝ մեկ. Իրակլի Կոբախիձե