ALDE-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը (ALDE) հոկտեմբերի 25-ին Բրյուսելում կայացած համագումարում ընդունել է «Դատապարտելով 2025 թվականի հոկտեմբերի կեղծված ընտրությունները և «Վրացական երազանք»-ի ավտորիտար ամրապնդումը» վերնագրով հատուկ բանաձև։

Բանաձևը դատապարտում է Վրաստանում կեղծված ընտրությունները և ընդդիմության առաջնորդների բանտարկությունը, կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց և անցկացնել նոր ազատ ու արդար ընտրություններ։

ALDE-ն կոչ է անում ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների նկատմամբ և պաշտպանել ժողովրդավարությունը։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավվել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։