ԵԽԽՎ-ի Վրաստանի հարցով մոնիթորինգի համազեկուցողներ Էդիտե Էստրելան և Սաբինա Կուդիչը խոր մտահոգություն են հայտնել երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման պահանջի վերաբերյալ և կոչ են արել «Վրացական երազանք»-ին վերանայել սահմանադրական հայցի ներկայացման որոշումը և դադարեցնել ժողովրդավարությունից արագ հետընթացը։
«Ինչպես Վեհաժողովն ընդգծել է Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանության վերաբերյալ իր վերջին բանաձևում, ընդդիմության գործունեության արգելումը գործնականում կհաստատի միակուսակցական բռնապետություն և անհամատեղելի կլինի Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ», — ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողների համատեղ հայտարարության մեջ։
Նույն տեղեկության համաձայն, համազեկուցողները նախատեսում են տարեվերջին ժամանել Թբիլիսի փաստահավաք առաքելության շրջանակներում։
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ը դիմել է Սահմանադրական դատարան երեք ընդդիմադիր կուսակցությունների գործունեության դադարեցման հայցով։