Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու խոսքով՝ անվիզա ռեժիմի վերաբերյալ «Վրացական երազանք»-ից Եվրահանձնաժողովի ստացած պատասխանը «բավարար չէ»։
Եվրահանձնաժողովը հուլիսին նամակ է ուղարկել Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով օգոստոսի վերջին տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչպես են իրականացրել վիզաների կասեցման մեխանիզմի յոթերորդ զեկույցում ներկայացված առաջարկությունները։
Այդ առաջարկությունների թվում էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» ու «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների չեղարկումը, միավորումների, հավաքների և խոսքի ազատության պաշտպանությունը ու խտրականության արգելքը, Վրաստանի վիզային քաղաքականության համապատասխանեցումը ԵՄ քաղաքականությանը և այլն։
Վրաստանին և այլ երկրներին ուղղված առաջարկությունների կատարումը կգնահատվի վիզաների կասեցման մեխանիզմի ութերորդ զեկույցում, որը Եվրահանձնաժողովը կհրապարակի դեկտեմբերին։ Միաժամանակ, ԵՄ-ն ընդլայնում է վիզաների ազատականացման կասեցման հիմքերը։
Դեսպանի խոսքով՝ Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամակցության ճանապարհին անհամեմատ ավելի առաջ են Վրաստանից, և վիզային ռեժիմի ազատականացման առաջարկությունների իրականացման վերաբերյալ «Վրացական երազանք»-ի պատասխանն անբավարար է։