Դավիթ Բաքրաձեն Իղալթոյում հանդիպել է ուսանողներին

Առաջիկա նախագահական ընտրություններում «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն Կախեթիի մարզի Իղալթո գյուղում հանդիպել է ուսանողներին: Interpressnews լրատվականին կուսակցությունից տեղեկացրել են, որ երիտասարդները ցանկություն են հայտնել ուսումը շարունակել արտասահմանում, սակայն ֆինանսական միջոցներ չունեն:

Նշվում է, որ նախագահի թեկնածուն երիտասարդներին ծանոթացրել է իր նախըտրական ծրագրի առաջնահերթություններից մեկին, որի համաձայն՝ նախագահական հիմնադրամի 50 տոկոսը կհատկացվի արտասահմանում սովորող ուսանողներին ֆինանսավորելու համար:

«Ապագա նախագահը պարտավոր է կանգնել երիտասարդների կողքին, նրանց տալ հեռանկար: Հենց այս պատճառով, ես խոստանում եմ նախագահի հիմնադրամի 50 տոկոսը նվիրաբերել արտասահմանում ուսանող երիտասարդներին: Վրաստանի նախագահը, անպայման, կլինի մեր երիտասարդության և ուսանողների լոբբիստը աշխարհում»,- հայտարարել է Բաքրաձեն: